Աշոտյանն առաջարկում է օրենսդրական փոփոխություններ վարչապետին տրամադրված ինքնաթիռից օգտվելու վերաբերյալ
ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը շրջանառության մեջ է դրել օրինագծեր, որոնք վերաբերում են ՀՀ վարչապետին տրամադրված ինքնաթիռից և ուղղաթիռից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու կարգին։
Պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում մանրամասնել է, որ օրենսդրական փոփոխություններն առաջարկում է՝ հաշվի առնելով վերջին շրջանում հանրության և զանգվածային լրատվամիջոցների հետաքրքրությունը և հասարակական քննարկումներն այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից վարչապետին տրամադրվող ինքնաթիռի և ուղաթիռի օգտագործման շուրջ, նպատակահարմար ենք համարում ապահովել թափանցիկություն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվող այս ծախսերի նկատմամբ:
«Այս կապակցությամբ, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ և 67-րդ հոդվածներով, նախաձեռնել եմ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի շրջանառությունը:
Օրենքի նախագծով առաջարկում եմ, որ ՀՀ վարչապետին տրամադրված ինքնաթիռից և ուղղաթիռից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանի ՀՀ կառավարությունը:
Նաև առաջարկում եմ, որպեսզի այդ փոխադրամիջոցներից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից օգտվելու մասին տեղեկությունները հրապարակվեն օգտվելու փաստից ոչ ուշ քան 5 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնական ինտերնետային կայքում:
Հրապարակումները պետք է պարունակեն տեղեկություններ օգտագործման նպատակի, օգտագործող անձանց ցանկի և պետական բյուջեից հատկացված գումարի չափի մասին»,-գրել է ՀՀԿ-ական պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Հարգարժան պաշտոնյաները «լավ չեն տանում» ոլորանները
- «Հրապարակ». Աննա Հակոբյանն ու Արփինե Հովհաննիսյանը Պիտեր են մեկնել տարբեր ինքնաթիռներով
- Արարատ Միրզոյանի՝ վարչապետի ինքնաթիռով Դուշանբե մեկնելը 20 միլիոն դրամ է նստում բյուջեի վրա. «Հրապարակ»