Ինչո՞ւ են պարգևավճար ստանում կոկորդիլոս բուծելու, համայնքի ղեկավարի վրա հոխորտալու համար. Սամսոնյան
«Ես ուզում եմ ձեզ համեմատել հենց ձեր հետ, այլ ոչ նախկինների»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով կառավարության 2019 թվականի կատարողականին։
Նրա խոսքով, թեև կառավարությունն իր 2019 թվականի ծրագրում հատուկ շեշտել էր հանրային համերաշխության մակարդակի բարձրացումը, այնուամենայնիվ, իշխանությունը որևէ կերպ չի նպաստել հանրային համերաշխությանը.
«Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների թիվն աճել է 13 տոկոսով, Երևան քաղաքում՝ 16 տոկոսով։ Առավել մտահոգիչ է, որ այս աճն ապահովվել է զենքի գործադրմամբ։ Մենք ականատես եղանք, թե ինչպես են մարդիկ հաշվեհարդար տեսնում իրար դեմ մի շենքում, որտեղ գտնվում է երկրի ոստիկանապետը։ Սա նշանակում է, որ 2019 թվականին չի արվել գոնե այն նվազագույնը, որ մարդիկ ոստիկանության գոյությունից զգաստանան»։
Անդրադառնալով երկրի վարչապետի հայտարարությանը, թե դատական համակարգում կան դավաճաններ՝ Ա. Սամսոնյանն ասաց, որ այդ դեպքում Ն. Փաշինյանը պետք է հարցը լուծեր՝ համակարգում շոկային փոփոխություններ իրականացնելով, կամ այդ դավաճաններին նվիրյալներ դարձնելով։
«Դուք դա չեք արել։ Բայց հիմա աչքի փոխարեն ունքն եք հանում։ Ես չեմ պատկերացնում, թե մի համակարգում, որտեղ Դուք շարունակում եք տարբեր հարթակներից փնտրել դավաճաններ և նվիրյալներ, մարդիկ պիտի աշխատեն և Ձեր ուզածով երկրից թալանվածը հետ բերեն։ Համակարգից, որտեղ Դուք անհամերաշխություն եք սերմանում, ո՞նց եք պահանջում կարգ ու կանոն, այն էլ խայտառակ վարձատրությամբ։ Եկեք հասկանանք հա՞՝ մեր երկրի առաջնահերթությունը որն է՝ թալանածը հետ բերե՞լը։ Այդ դեպքում ո՞րն է այս պահին կարևորագույն ինստիտուտը մեզ համար՝ իրավապահ համակա՞րգը, թե՞՝ մարզպետարանները։ Ինչի՞ համար են օրինակ մարզպետները ստանում պարգևավճարներ, կոկորդիլոս բուծելու համա՞ր, համայնքի ղեկավարների վրա հոխորտալո՞ւ, թե՞ ներդրումային սպամեր անելու համար»,- ասաց Ա. Սամսոնյանը։
Նա շեշտեց՝ այդ գումարը պետք է տալ իրավապահ համակարգին, ոստիկանությանը, ԱԱԾ-ին, որպեսզի վերջիններս աշխատեն և երկրից թալանվածը հետ բերեն։
«Ես հասկանում եմ, որ պարգևավճար եք տալիս գիշեր-ցերեկ ճանապարհ սարքող նախարարին, բայց եկեք մի բան հասկանանք, որ Դուք ասում եք՝ խոստացել եք բարձրացնել պետական համակարգի աշխատակիցների աշխատավարձերը, արդյո՞ք դա առաջին հերթին շռայլորեն վերաբերում է Ձեր հեղափոխական թիմին։ Որովհետև, նրանք եկել էին իշխանության, քանի որ նրանց թվում էր, թե իշխանությունը քաղցր բան է։ Իսկ հիմա նրանք կուլ են տալիս դառը հաբեր։ Դրա համար Դուք պիտի նրանց ավելի շա՞տ փող տաք։ Կներեք, բայց ես կարծում եմ, որ սա ազնիվ չէ, պարո՛ն վարչապետ»,- նշեց պատգամավորը։
Ա. Սամսոնյանը վստահեցրեց՝ դատական համակարգի բարեփոխումները կառավարությունը ձախողել է իր էմոցիոնալ, չհավասարակշռված քաղաքականության պատճառով։
Ըստ նրա, 2019 թվականին կառավարությունը բոլոր փորձարկումներն արեց՝ դատարանների ելքերն ու մուտքերը փակեց, դատական համակարգի վրա հայհոյանք բերեց, հետո խոստացավ վեթինգ անել, բայց դա էլ չեղավ։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Իրավապահ համակարգի ամենավերին օղակներում եղել են բառիս բուն իմաստով դավաճաններ
- «Ի՞նչ վեթթինգ, գնդակահարեք այդ մարդուն»