Առաջարկվում է առաջին ատյանի դատարաններում 17 դատավոր ավելացնել
Մեկնարկել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։
Քննարկվում է ՀՀ դատական օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով, նախագծով առաջարկվում է տարանջատել միջդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը գործի քննությունից։
«Առաջարկվում է Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում միջդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը առանձացնել գործի քննությունից։ Այսինքն՝ կլինեն առանձին դատավորներ, որոնք բացառապես կքննեն միջդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը։ Ինչ վերաբերում է մարզերին, ապա այդ դեպքում ևս առաջարկում ենք ունենալ առանձին դատավորներ, որոնք ի տարբերություն Երևան քաղաքի քրեական գործեր քննող դատավորների, ի լրումն իրենց կողմից քննվող քրեական գործերի, կմասնագիտանան միջդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով»,- ներկայացրեց նախարարը։
Ինչ վերաբերում է վերաքննիչ դատարանին, ապա առաջարկվում է այնտեղ երեք հաստիք ավելացնել, և գործող դատավորներից ևս 3 հոգու ընտրել, որոնք կմասնագիտանան նաև միջդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով։
«Անցումային դրույթներով մանրամասն կարգավորված են այս գաղափարի իրագործման կետերը։ Նշեմ նաև, որ ընդհանուր առմամբ, առաջարկում ենք առաջին ատյանի դատարաններում 17 դատավոր ավելացնել, որից առնվազն 8-ը՝ Երևան քաղաքում»,- ներկայացրեց Ռուստամ Բադասյանը։