ՔՊ-ականները տապալել են ընդդիմադիրների՝ Սյունիքի հարցով հանձնաժողովի նիստ անցկացնելու նախաձեռնությունը. «Հայաստան» դաշինք
Երեկ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների անդամների` Սյունիքի մարզում, մասնավորապես` միջպետական Գորիս-Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն և բացատրություն ստանալու նպատակով նախաձեռնած արտահերթ նիստը` ԱԱԾ պետի, Պաշտպանության նախարարի, Գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի և ՊԵԿ նախագահի մասնակցությամբ, չի կայացել. իշխանական պատգամավորները տապալել են այն` չներկայանալով նիստին։ Այս մասին հայտնում են «Հայաստան» դաշինքից:
«Ավելին, «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համապատասխան հոդվածի համաձայն, հանձնաժողովի անդամների մեկ քառորդի պահանջով գումարվելիք նիստի մեկնարկից մինչև կես ժամ անց հանձնաժողովի նախագահից նախաձեռնության հեղինակ պատգամավորները գրություն են ստացել, որով արհեստականորեն և չհիմնավորված խոչընդոտվել է հանձնաժողովի նիստի կայացումը։
Եվս մեկ անգամ այս ամենով փաստվում է, որ քաղաքական մեծամասնությունը խուսափում է երկրում ստեղծված իրավիճակի համար պատասխանատու և հաշվետու լինելուց։ Նույն կերպ ԱԺ ղեկավարությունը խուսափեց ԱԺ նիստում ցանկացած ձևաչափով նույն հարցը քննարկելու` ընդդիմության նախաձեռնությունն իրականացնելուց»,-ասվում է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- «Մենք ենք տերը մեր երկրի» խոսքերն ասողները, այսօր ոչ երկրին են տեր կանգնում, ոչ էլ ժողովրդին. Աննա Գրիգորյան
- Ինչ կատարվում է Սյունիքում, տարածաշրջանում, ուղիղ սպառնալիք է մեր անվտանգությանը. Արծվիկ Մինասյան