ԱԳ նախարար. ՀՀ-ի՝ ՄՄ-ին միանալու որոշումը պայմանավորված էր մեր երկրի տնտեսական և ռազմավարական շահերով
«Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալու Հայաստանի որոշումը պայմանավորված էր մեր երկրի տնտեսական և ռազմավարական շահերով։ Եվրասիական բարձրագույն խորհրդի կողմից որոշում է կայացվել ստորագրման ներկայացնել Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրին Հայաստանի միանալու վերաբերյալ փաստաթուղթը և շուտով դա կիրականացվի»,- Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովում ունեցած ելույթում ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նախարարը նշել է, որ անցյալ նոյեմբերին Վիլնյուսում կայացած գագաթաժողովին Հայաստանը և Եվրոպական միությունը համատեղ հայտատարարութամբ երկուստեք վերահաստատել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հնարավոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու հանձնառությունը և մենք շարունակում ենք մեր աշխտանքները այս ուղղությամբ։
«Մենք հետևողական ջանքեր ենք գործադրում` միտված միջազգային կազմակերպություններում եւ գործընթացներում Հայաստանի ներգրավվածության խորացմանը, միջազգային ասպարեզում մեր երկրի հեղինակության եւ դիրքերի ամրապնդմանը»,- աել է Է. Նալբանդյանը:
ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով, նախորդ տարի Հայաստանը հաջողությամբ նախագահել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում, որոնք էլ ավելի են բարձրացրել մեր երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում՝ ևս մեկ անգամ ընդգծեցին մեր դիվանագիտական համակարգի պատրաստականությունը՝ ստանձնելու և հաջողությամբ իրականացնելու միջազգային կարևորություն ունեցող առաքելություններ:
«Հայաստանը հետևողական ջանքեր է գործադրում սերտացնելու իր ռազմավարական դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, զարգացնելու բարեկամական գործընկերությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների, առավել ամրապնդելու համագործակցությունը հարևան Վրաստանի և Իրանի հետ։ Հայաստանի մոտեցումը առանց նախապայմանների կարգավորելու հարաբերությունները Թուրքիայի հետ վայելում է միջազգային հանրության աջակցությունը։ Մենք ջանում ենք խորացնել փոխգործակցությունը եվրոպական, ասիական, լատինամերիկյան, արաբական, աֆրիկյան երկրների հետ, ընդլայնելու մեր երկրի փոխհարաբերությունների աշխարհագրությունը։ Մեր դեսպաններն այսօր հավատարմագրված են ուղղակիորեն և համատեղության կարգով` ավելի քան ինը տասնյակ երկրում և միջազգային կազմակերպությունում:
Հայաստանի անվտանգության կարևոր բաղադրիչ հանդիսացող Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության շրջանակներում մենք շարունակել ենք հանդես գալ կառույցի առավել ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններով: Հետևողական զարգացում է ապրել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ:
Մեր դիվանագիտության ուշադրության կենտրոնում է գտնվում տնտեսական, մշակութային, հումանիտար կապերի զարգացումը, խորհրդարանական դիվանագիտությանն օժանդակումը, ապակենտրոնացված համագործակցության զարգացումը, արտերկրում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանումը, տարբեր երկրներում բնակվող մեր քաղաքացիների շահերի պաշտպանությունը, հատկապես ճգնաժամային իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցներին սատարումը»,-ասել է Է. Նալբանդյանը։