Երկրաբանական տեղեկությունների 81 տոկոսն արդեն թվայանացվել է
«Հանրապետական երկրաբանական ֆոնդում» առկա երկրաբանական տեղեկությունների 81 տոկոսն արդեն թվայանացվել է։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, մինչև տարեվերջ ֆոնդում առկա ամբողջ բազան առցանց հասանելի կլինի hանրությանը։
Նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժնի պետ Շուշանիկ Քերոբյանի ներկայացմամբ տեղեկությունների 80 տոկոսը տեղադրված է այդ նպատակով ստեղծված www.geo-fund.am ինտերնետային կայքում և հասանելի է բոլորին. «Թվայնացված երկրաբանական տեղեկությունների մնացած մասի տեղադրումն ընթացքի մեջ է»։
Շուշանիկ Քերոբյանի խոսքով, «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում առկա օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների բոլոր 1380-ը, ինչպես նաև 2014-2017թթ. ընթացքում կազմված օգտակար հանածոների հանքավայրերի թվայնացված անձնագրերը տեղադրված են կայքում:
«Հանրապետական երկրաբանական ֆոնդում» պահպանվող տեղեկատվության հասնելիության և մատչելիության ապահովումը ընդերքօգտագործման ոլորտն առավել գրավիչ կդարձնի ներդրումային ծրագրերի իրականացման համար: Ներդրողները հնարավորություն կստանան առանց ավելորդ ժամանակ և միջոցներ ծախսելու՝ ծանոթանալ ֆոնդում առկա տեղեկատվական բազային: