Ա. Մխիթարյան. Ալիևի հայտարարությունները լուրջ մարտահրավեր են միջազգային հանրությանը. Ալիևը նման է բռնցքամարտիկի
«Չնայած այն հանգամանքին, որ միջնորդ երկրները անընդհատ խոսում են ուժի սպառնալիքի անթույլատրելիության մասին, Ալիևի նման չհիմնավորված հայտարարությունները շարունակվում են: Մենք ամեն ինչի պատրաստ ենք, Հայաստանը, Արցախը, Սփյուռքը միավորված է և անհրաժեշտության դեպքում հզոր հարված կհասցնեն Ադրբեջանին: Մեր բանակն ավանդապես հզոր ու մարտունակ է և կարծում եմ, որ դրա մասին նախ և առաջ գիտեն հենց իրենք՝ ադրբեջանցիները»,- անդրադառնալով Ադրբեջանի նախագահի շարունակվող ռազմատենչ հայտարարություններին՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ղարաբաղյան ազատամարտի մասնակից, Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախագահ Արմեն Մխիթարյանը:
Նրա խոսքերով, ինչքան էլ ադրբեջանցիները սրանից-նրանից օգտագործված զենք-զինամթերք գնեն, պետք է անպայման հիշեն զինվորի մարտական ոգու կարևորության մասին, ինչը նրանց բանակում բացակայում է:
«Ադրբեջանը նմանատիպ հայտարարություններով ցանկանում է խափանել խաղաղ բանակցային պրոցեսը: Նման հայտարարությունները մարտահրավեր են նաև միջազգային հանրությանը և այն երկրների ղեկավարներին, մասնավորապես, ՌԴ-ին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային, ովքեր բազմիցս հանդես են եկել խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու օգտին»,- ասաց ազատամարտիկը:
Անդրադառնալով Ալիևի հնչեցրած այն մտքին, թե Հայաստանը գիտի իրենց հզորության մասին և «վախից դողում է»՝ ազատամարտիկը նշեց. «Ալիևը նման է բոքսի մենամարտից առաջ հոխորտացող հայտարարություններ անող բռնցքամարտիկի, որը շատ արագ կարող է տապալվել գետնին: Եվ ո՞ւմ է փորձում վախեցնել: Մենք՝ ազատամարտիկներս պատրաստ ենք պատերազմին, ու մինչև վերջ գնալու ենք մեր հաղթանակը ամրապնդելու ու արցախցիների անվտանգությունը ապահովելու հարցում: Այդուհանդերձ ինձ համար, որպես պատերազմ տեսած մարդու, շատ կարևոր է խաղաղությունը: Մենք խաղաղություն սիրող ժողովուրդ ենք»: