Վ. Բոստանջյան. Լարվածություններով լի տարի կլինի
2011-ը քաղաքական առումով, ըստ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանի, կլինի լարվածություններով լի տարի: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության անդամը, լարվածությունը կապված կլինի նրա հետ, որ քաղաքական ուժերը պատրաստվում են 2012-ի խորհրդարանական ընտրություններին:
Պատգամավորը նշեց, որ կլինեն որոշակի շիկացումներ ու ցանկություն հայտնեց, որ գոնե դրանք չլինեն ընդհարումների, անհանդուրժողականության տեսքով: «Սակայն ես, այդուհանդերձ մտածում եմ, որ 2011-ը քաղաքական առումով կկարողանանք անցկացնել նորմալ մակարդակով»,-ասաց Վ. Բոստանջյանը:
Բոստանջյանն անդրադառնալով տնտեսական բարեփոխումներին, նշեց, որ մինչ այսօր ու ներկայում արվում է այն, ինչ հնարավոր է անել: «Միգուցե, որոշ ուժեր մտովի, կամ իսկապես կկարողանան ավելի լավ անել, բայց դա ցույց կտա կյանքն ու ընտրությունները, թե ովքեր կարող են այդպիսիք լինել»,-ասաց պատգամավորը:
2011-ը տնտեսական առումով, ըստ Վ. Բոստանջյանի, կարելի է այնքանով դրական գնահատել, որքանով հնարավոր է եղել 2010-ին ճգնաժամի հետևանքների առումով որոշակի մեղմումների հասնել: Մասնավորապես, դրա դրսևորումը պետք է լինի 2.6 տոկոս տնտեսական աճը: