Ամուլսարի հանքավայրը կշահագործվի բաց եղանակով
Հայաստանում ևս մեկ ոսկու հանքավայր` Ամուլսարի հանքավայրը, կշահագործվի բաց եղանակով:
Այս մասին հայտնում են «ԷկոԼուր» տեղեկատվական կենտրոնից:
Հետախուզման արտոնագիրը ստացել է «Գեոթիմ» ընկերությունը, որը Հայաստանում ներկայացնում է կանադական «Lidian International» ընկերության շահերը: Ենթադրվում է, որ հանքավայրի շահագործումը կսկսվի 2011թ.: Մինչ այժմ ընկերությունն անցկացրել է երկրաբանահետախուզական աշխատանքներ և հայտարարել, որ Հայաստանում Ամուլսարը ոսկու պաշարների նոր հայտնություն է: Տարեցները ցույց են տալիս վայրեր, որտեղ ֆրանսիացիները ոսկի էին արդյունահանում 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին, սակայն խորհրդային իշխանությունների հաստատումից հետո հեռացան:
«Խորհրդային իշխանությունները խնայում էին ոսկին կամ թե ուրիշ բան, բայց չէին արդյունահանում»,- ասել են Ամուլսարից 18 կմ հեռավորության վրա տեղակայված Գորայք գյուղում:
Ընկերության տվյալներով, հանքավայրը պարունակում է 1.4 միլիոն ունցիա ոսկի/ մոտ 40 տոննա: Ոսկու կորզման համար ընկերությունը ենթադրում է կիրառել կույտային տարալվացման (метод кучного выщелачивания) մեթոդ, ինչի դեպքում կարելի է 95-97% ոսկի կորզել: Այդ մասին ասված է Highlights բաժնում («Ամենագլխավորը»), որով բացվում է ընկերության կայքը:
«Lidian International»-ի բաժնետոմսերը արժեքորոշվում են Տորոնտոյի ֆոնդային բորսայում (Կանադա): Ընկերության գլխավոր բաժնետերը IFC միջազգային ֆինանսական կորպորացիան է, որը Համաշխարհային բանկի, «Newmont Mining Corporation»-ի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի խմբի մի մասն է: