Սարկոզին խոսել է Իրանին հարվածելու հավանականության մասին
Իրադարձությունների որոշակի զարգացման դեպքում, եթե չհաջողվի լուծել Իրանի միջուկային հարցը, հնարավոր է կանխարգելիչ հարվածներ հասցվի Իսլամական հանրապետության միջուկային օբյեկտներին: «Ֆրանս Պրես» գործակալության հաղորդմամբ, նման հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին երկրի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
«Առավել մեծ սպառնալիք են ներկայացնում ռազմական և ատոմային բնագավառներում Իրանի նկրտումները: Վտանգ է հարուցում նաև բալիստիկ հրթիռների նախագծումը: Այս ամենը կարող է բերել իրանական օբյեկտների ուղղությամբ կանխարգելիչ հարվածներ հասցնելուն, ինչը կհարուցեր մեծ ճգնաժամ, և որը Ֆրանսիան չէր ցանկանա», - ասել է Սարկոզին:
Միաժամանակ Ֆրանսիայի ղեկավարը չի հստակեցրել, թե հատկապես, որ երկրները կարող են ներգրավվել ռմբակոծություններին:
Բացի այդ, Սակոզին կողմ է արտահայտվել Իսլամական հանրապետության նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառմանը, արձանագրելով, թե այդ երկիրը նորանոր սադրանքներ է իրագործում, ինչին անհրաժեշտ է միջազգային հանրության միասնական պատասխանը: