«Hurriyet»-ի հարցազրույցը Ֆրանսիացի պատգամավորի հետ Ցեղասպանության բանաձևի մասին
Թուրքական «Hurriyet» օրաթերթը մի քանի հարցով դիմել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր տկն Վալերիա Բոյերին` կապված Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի` կրկին օրակարգ գալու հետ:
Այդ օրինագիծը հեղինակած Բոյերը վստահություն է հայտնել, որ այս անգամ (դեկտեմբերի 19-ին) խորհրդարանը կվավերացնի այն:
Նա պարզաբանել է, որ 2006 թվականին ներկայացված և ձախողված այդ բանաձևը սահմանադրության հետ որոշակի հակասություններ ունենալու ռիսկ էր պարունակում, այդ իսկ պատճառով մշակումների է ենթարկվել: Ներկայիս տեսքով լրիվ համահունչ է երկրի մայր օրենքին և եվրամիության նորմերին:
Ի պատասխան «Hurriyet»-ի այն հարցին, թե Թուրքիան էլ իր խորհրդարանում կարող է քննարկման դնել տասնամյակներ առաջ Ալժիրում ֆրանսիացի զինվորների կատարած գործողությունները, Բոյերը նախ հիշեցրել է իր ալժիրական ծագման մասին, ապա հավելել, որ Ալժիրում երբեք ցեղասպանություն չի իրականացվել, եղել է պայքար գաղութատիրության դեմ, և 1962-ին էլ հռչակվել է Ալժիրի անկախությունը:
Իսկ թուրքական կողմի այն նկատառմանը, որ այդ բանաձևի ակտուալացումը պայմանավորված է Ֆրանսիայում կայանալիք 2012-ի նախագահական ընտրությունների հետ, պատգամավոր Բոյերը հստակ ասել է. «Աջերը կգան իշխանության, թե ձախերը, կապ չունի, Ֆրանսիայի համոզմունքն է, որ Հայոց ցեղասպանության հերքումը հանցագործություն է: Եթե Ֆրանսիան ճանաչել է 1915-ի իրադարձությունները որպես ցեղասպանություն, ուրեմն հարկ է, որ պատժի դա ժխտողներին»: