Է. Շարմազանով. Խաղաղ լուծում, թեկուզ՝ պարտադրված ձևով
«Առաջին անգամը չէ, որ նման հանդիպումներից առաջ կամ հետո, ադրբեջանական կողմը հանդես է գալիս նման ապակառուցողական, ակնհայտ սուտ ու կեղծիք պարունակող հայտարարություններով»,- անդրադառնալով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովի հայտարարություններին՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նշենք, որ Ն. Մամեդովը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության չկարգավորման գլխավոր մեղավորը Հայաստանն է, քանի որ հայկական կողմն է, որ ձգձգում է բանակցային պրոցեսը:
Պատգամավորի համոզմամբ՝ Ադրբեջանում իրենց ձախողումներն ու տապալումները այլ երկրների վրա բարդելն արդեն պետական քարոզչության ձև է դարձել:
«Եթե պարոն Մամեդովը ևս մեկ անգամ ուշադիր կարդա 2011 թվականին Դովիլում համանախագահ երկրների ղեկավարների կողմից հնչեցված համատեղ հայտարարությունը, կտեսնի, թե հատկապես որ կողմն է ձգձգում կամ ապակառուցողական դիրքորոշումներ դրսևորում: Այդ փաստաթղթում պարզ գրված է, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի, իսկ այդ հայտարարությունից հետո Ադրբեջանի բարձր ղեկավարությունն արդեն քանի անգամ ապացուցել է իր «հավատարմությունն» այդ հայտարարությանը»,- նշեց Է. Շարմազանովը:
Նա նշեց, թե պատրաստ է ևս մեկ անգամ հիշեցնել, որ ԼՂ հակամարտությունն ունի միայն ու միայն մեկ՝ խաղաղ լուծում, թեկուզ դա լինի պարտադրված խաղաղության տեսքով:
«Ալիևի իշխանիկների նման կոչերը մյուս կողմից հասկանալի են, նրանք Ղարաբաղյան պատերազմի տարիներին իրենց առաջնորդի պես երկրում չեն եղել, երևի, վերջինիս պես Ստամբուլում փող էին աշխատում, հակառակ պարագայում նրանք այդքան շատ չէի կարևորի խնդրի ռազմական լուծումն ու նման քաղաքականություն չէին իրականացնի»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին տեղի է ունենալու Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը: