Դ. Բաբայան. Միջնորդներն ամեն ինչ անում են, որպեսզի իրավիճակն առավել չբարդանա
«Դեսպան Կասպրշիկի հետ հանդիպումներում մշտապես բարձրացվում են շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման հետ կապված հարցեր: Պաշտոնական Ստեփանակերտը մշտապես իր պատրաստակամությունն է հայտնել շփման գծում արձանագրվող միջադեպերի հետաքննության առնչությամբ համապատասխան մեխանիզմների ներդրմանը»,- անդրադառնալով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի Արցախ կատարած այցին՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքերով, Ադրբեջանը ոչ միայն չի արձագանքում միջնորդ երկրների առաջարկներին, այլ անընդհատ նպաստում է շփման գծում առկա իրավիճակի առավել լարմանը:
«Միջազգային հանրությունը ինչ-որ ձևով պետք է համապատասխան մեխանիզմներ մշակի‚ որպեսզի Ադրբեջանին բերի կառուցողական դաշտ: Ներկայումս, դժբախտաբար‚ դա տեղի չի ունենում: Սա է խնդիրը: Միջնորդներն ամեն ինչ անում են, որպեսզի իրավիճակն առավել չբարդանա, սակայն Ադրբեջանն օգտվելով առիթից անընդհատ լարում է իրավիճակը»,- ասաց նա: