Նոր զոհեր սիրիական Դերաա քաղաքում
Առնվազն 17 մարդ է զոհվել, այդ թվու կանայք, սիրիական հակակառավարական շարժման կենտրոն հանդիսացող Դերաա քաղաքում: Այս մասին տեղեկացնում է «ԲիԲիՍի» հեռուստաընկերությունը, նշելով, թե զոհերն արձանագրվել են ինտենսիվ հրետանային կրակի արդյունքում, որը շարունակվել է ողջ նախորդ գիշեր:
Նշվում է, թե նախորդ տարի սիրիական զանգվածային բողոքի ցույցերը սկիզբ էին առել հենց Դերաայում, որից հետո քաղաքը պարբերաբար կրակի տակ է հայտնվում կառավարական զորքերի ու ընդդիմության զինված խմբավորումների կողմից:
Միաժամանակ նշվում է, թե ՄԱԿ-ի դիտորդները շարունակում են Քուբայր գյուղի զանգվածային սպանդի հետաքննությունը:
Նշվում է, թե մինչ այսօր հնարավոր չէ ստույգ պարզել զոհերի քանակը, սակայն ընդդիմության ներկայացուցիչները շրջանառում են 80 զոհերի մասին տեղեկություն: Հաղորդվում է նաև, թե կառավարական զորքերը հասցրել են մինչ դիտորդների ժամանումը դուրս բերել դիակները գղուղից:
Ընդդիմությունը սպանդի համար մեղադրում է կառավարական զորքերին, մինչդեռ իշխանությունները զարհուրելի հանցագործության պատասխանատվությունը դրել են ահաբեկչական խմբավորումների վրա:
Նախօրեին «ԲիԲիՍի»-ի նկարահանող խմբին հաջողվել էր մուտք գործել գյուղ, ինչից հետո լրագրող Փոլ Դանահարը եթերում պատմել էր ահասարսուռ այն տեսարանների մասին, որին ականատես էր եղել: Վերջինիս խոսքերով, գյուղը ներկայումս անմարդաբնակ է, օդում կանգնած է այրված մարդկային մարմնի հոտը: Կան արյան բազում հետքեր, քանդված ու այրված տներ, սակայն լրագրողներն այդպես էլ չեն հայտնաբերել գեթ մեկ դիակ: