Հանրահայտ ջութակահար Ցուկերմանի հետ քննարկվել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գալահամերգի կազմակերպման հարցը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Պինկաս Ցուկերմանին: Հիշեցնենք, որ նա Երևան է ժամանել` մասնակցելու «Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 14-րդ համերգաշրջանի փակման համերգին: Արամ Խաչատրյան համերգասրահում նա հանդես կգա «Կամերատա Զալցբուրգ» նվագախմբի հետ՝ որպես դիրիժոր և մենակատար:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հյուրը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և ՀՀ մշակույթի նախարարությանը՝ համերգի կազմակերպմանը ցուցաբերած պետական աջակցության համար:
Փառատոնի նախագահ և գեղարվեստական ղեկավար կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Ռոստոմյանը տեղեկացրել է, որ անվանի ջութակահարի հետ քննարկվել է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված համատեղ գալահամերգի կազմակերպման հարցը:
Հիշեցնենք, որ այսօր երեկոյան երկու լեգենդար անունները` «Կամերատա Ցալցբուրգ» նվագախումբը և Պինկաս Ցուկերմանը հանդես կգան միասին` Արամ Խաչատրյան համերգասրահում` եզրափակելով 2013 թվականի «Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 14-րդ համերգաշարը:
Պինկաս Ցուկերմանն արդեն 14 տարի Օտտավայի Ազգային արվեստի կենտրոնի նվագախմբի երաժշտական տնօրենն է, 4 տարի՝ Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժորը: Նա առաջին անգամ Հայաստան է եկել 2009թ.՝ «Ցուկերման կամերային կատարողներ» համույթով, իսկ 2010 թ. ընդունել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ որպես մենակատար հանդես գալու հրավերը: Աշխարհահռչակ երաժշտի առաջին ուսուցիչը եղել է հայազգի Իվան Գալամյանը:
Նախորդող հրապարակումներ`
Գրեմմի մրցանակակիր Պինկաս Ցուկերմանը Հայաստանում է. «Առանց երաժշտության հասարակությունը կդառնա անապատ»
«Երևանյան հեռանկարներ». Երկու գերաստեղ՝ հայկական բեմում