Գրեմմի մրցանակակիր Պինկաս Ցուկերմանը Հայաստանում է. «Առանց երաժշտության հասարակությունը կդառնա անապատ»
«Առաջիկա սերունդը պետք է սովորի երաժշտական գործիքներ նվագել, որպեսզի մեծանան հասարակության համար պիտանի մարդիկ: Երաժշտությունն ազդում է մարդու ձևավորման, աշխարհընկալման վրա: Առանց երաժշտության հասարակությունը կդառնա անապատ, ինչն արդեն նկատվում է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աշխարհահռչակ ջութակահար, բազմակի Գրեմմի մրցանակակիր Պինկաս Ցուկերմանը, ով Հայաստանում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում:
Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալու է փառատոնի 14-րդ համերգաշարի վերջին համերգը՝ «Կամերատա Ցալցբուրգ» նվագախմբի և ջութակահար, դիրիժոր Պինկաս Ցուկերմանի մասնակցությամբ:
Համերգի ընթացքում հնչելու է Ստրավինսկի, Մոցարտ, Բեթհովեն: «Ծրագիրը որոշել ենք նվագախմբի հետ միասին: Նվագախումբն է առաջարկել կատարել Ստրավինսկի, ես էլ համաձայնվել եմ: Տարվա ընթացքում տասնյակ ծրագրեր ենք կազմում, այնպես որ՝ ծրագրի վրա շատ չենք կենտրոնանում»,- ասաց Պինկաս Ցուկերմանը:
«Կամերատա Ցալցբուրգ» նվագախմբի թավջութակահարի խոսքով, իրենք երջանիկ են, որ ելույթ են ունենալու հայ հանդիսատեսի համար, կրկնակի երջանիկ են, որ ելույթ են ունենալու Պինկաս Ցուկերմանի հետ:
Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանն ասաց, որ մեծ երջանկություն է ցանկացած երկրի, բեմի փառատոնի համար, որ նման լեգենդար նվագախմբեր, երաժիշտներ են ելույթ ունենում. «Մենք հասել ենք դրան: Պետք է միայն ողջունենք ու փորձենք նույն որակի մեջ պահենք մեր կյանքի բոլոր փառատոնային օրերը»:
Նախորդող հրապարակում`