ՀՀ ԱԳՆ. Հայաստանն անընդունելի է համարում ուժի կիրառումը քաղաքացիական օդանավերի նկատմամբ
«Մենք ցնցված ենք տեղի ունեցած ողբերգությամբ՝ քաղաքացիական ինքնաթիռի կործանմամբ, որի հետևանքով 298 մարդ է զոհվել։ Մեր վշտակցությունն ենք հայտնում բոլոր անմեղ զոհերի հարազատներին, բոլոր այն երկրներին, որոնց քաղաքացիները ողբերգության հետևանքով կորցրել են իրենց կյանքը։ Հայաստանի Հանրապետության նախագահը՝ հայ ժողովրդի անունից, արդեն ցավակցան հեռագրեր է հղել Մալազիայի և Նիդերլանդերի ղեկավարներին»,- ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով news.am-ի հարցին, թե՝ «ո՞րն է արտգործնախարարության արձագանքը երեկ Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցած ավիավթարի վերաբերյալ»:
Ի պատասխան այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք տեղեկությունները, որ ինքնաթիռը կործանվել է հրթիռակոծության հետևանքով, նա ասել է. «Ավիավթարի պատճառների վրա լույս կարող է սփռել միայն միջադեպի համապարփակ քննությունը։ Հայաստանը մշտապես դատապարտել է և շարունակում է բացարձակապես անընդունելի համարել ուժի կիրառումը և ուժի գործադրման սպառնալիքը քաղաքացիական օդանավերի նկատմամբ»։
Հիշեցնենք, որ նախօրեին Ուկրաինայի տարածքում, ռուսական սահմանին մոտ խոշոր ավիաաղետ է տեղի ունեցել. մալայզիական ավիաընկերությանը պատկանող Բոինգ 777-ը, որը Ամստերդամ-Կուալա-Լումպոր չվերթն է իրականացնելիս եղել, մուտք գործելով ՌԴ օդային տարածք, սկսել է իջնել, ինչի արդյունքում նրան Ուկրաինայի տարածքում հայտնաբերել են այրվելիս: Ինքնաթիռի ընկնելու հետևանքով զոհվել է 295 մարդ՝ 15-ն անձնակազմի անդամներ են եղել, 280-ը՝ ուղևոր: