Արամ Ա-ն Օբամային ներկայացրել է Մերձավոր Արևելքի քրիստոնյաների խնդիրները
Սեպտեմբերի 11-ին Վաշիոնգտոնում քրիստոնեական համաժողովին մասնակցող Մերձավոր Արևելքի մարոնի, հայ, ասորի, հույն կաթոլիկ և ասորի կաթոլիկ եկեղեցիների հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը շուրջ մեկ ժամ հանդիպում են ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքը հայտնում է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը նախ ցավակցություն է հայտնել 13 տարի առաջ սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում և Վաշինգտոնում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանինքերին և հիշեցրել, որ ահաբեկչությունը տարբեր ձևերով շարունակում է գործել աշխարհի տարբեր շրջաններում և հատկապես Մերձավոր Արևելքում:
«Այս շրջանում հետզհետե ծավալվող ահաբեկչական շարժումը վտանգ է ոչ միայն քրիստոնյաներին, այլև մուսուլմաններին ու համայն աշխարհին: Հետևաբար այս համամարդկային չարիքի դեմ պետք է դիմագրավել հավաքական ջանքերով, իսկ արաբական ու մուսուլմանական պետությունների մասնակցությունը կարևոր է»,-ասել է Նորին Սրբությունը:
Վեհափառ Հայրապետն անդրադարձել է նաև Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ներկայության հարցին` ասելով, որ քրիստոնյաները եկվոր ու երկրորդական քաղաքացիներ չեն և իրենց արմատներն ունեն Մերձավոր Արևելքի պատմության մեջ:
Նորին Սրբությունը ողջունել է Օբամայի ելույթը և ԱՄՆ-ի` միացյալ ուժերով ահաբեկչական շարժումները կասեցնելու հանձնառությունը: