Եվրոպայում ավելի քան 10 հազար միգրանտ երեխա է անհետացել
Ավելի քան 10 հազար միգրանտ երեխաներ անհետացել են այն բանից հետո, երբ Եվրոպա են ժամանել: «BBC»-ի փոխանցմամբ, նման հայտարարությամբ է հանդես եկել Եվրոպոլի ղեկավարը:
Ինչպես հաղորդվում է, միգրանտ երեխաների մեծ մասը անհետացել են միգրացիոն հոսքերի արդյունում եվրոպական երկրներում հայտնվելուց և մուտքի գրանցում ստանալուց հետո: Անհետացած երեխաների մի մասը, եվրոպական ոստիկանության տվյալներով, կարող է սեռական շահագործման զոհ դարձած լինել, կամ տեղեկան քրեական խմբավորումները նրանց ստիպում են ստրկական աշխատանքով զբաղվել:
Նշվում է, որ «Պահպանենք երեխաներին» միջազգային կազմակերպության տվյալներով, նախորդ տարվա ընթացքում եվրոպական տարբեր երկրներ են ժամանել շուրջ 26 հազար երեխաներ և դեռահասներ՝ առանց մեծահասակների ուղեկցության:
Եվրոպոլի ղեկավարի խոսքով, բացառված չէ նաև որ նրանց մի մասը միացել է ծնողներին, սակայն պատկան մարմինները այդ, ինչպես նաև նրանց գտնվելու վայրերի մասին որևէ տեղեկատվության չեն տիրապետում:
Նշվում է, որ դեռ նախորդ տարվա կեսերին եվրոպական տարբեր երկրների միգրացիոն ծառայություններ ահազանգում էին, որ մեծ թվով միգրանտ երեխաներ են անհետացել: Օրինակ մայիս ամսին իտալական իշխանությունները հաղորդել էին շուրջ 5 հազար միգրանտ երեխայի անհետացման մասին:
Երեխաների գտնվելու հավանական վայրերի թվում նշվում է Հունաստանը, քանի որ այս երկիրը միգրանտների համար Եվրոպա մուտքի առաջին երկիրն է համարվում: