Հալեպում ընթացքող մարտերի հետևանքով 50 հազար մարդ փախստական է դարձել
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հաշվարկներով Հալեպ քաղաքի մոտակայքում տեղի ունեցող կռիվների ամբողջ ընթացքում իրենց բնակավայրը ստիպված են եղել լքել շուրջ 50 հազար սիրիացիներ: Այս մասին գրում է «Deutsche Welle»-ն:
Շրջափակման մեջ գտնվող քաղաքը զրկված է պարենի ու այլ անհրաժեշտության ապրանքների մատակարարման ուղիներից: Կարմիր խաչը փորձում է դեղորայք, ջուր ու սննդամթերք հասցնել շրջափակման մեջ գտնվող քաղաք, որտեղ ՄԱԿ-ի տվյալներով շուրջ 300 հազար մարդ գտնվում է քաղաքակրթությունից կտրված վիճակում:
Սիրիայում Կարմիր Խաչի ներկայացուցիչ Մարիաննա Հասերի խոսքով`փախստականները առանց ջրի ու պարենի խիստ ցածր ջերմաստիճանի պայմաններում փորձում են գոյատևել իրենց համար շատ վտանգավոր միջավայրում:
Կարմիր խաչին հաջողվել է մոտ 10 հազար մարդու համար պարեն հասցնել, ինչպես նաև ստեղծել ջրի բաժանման մոտ 100 կետ: