Իրանի ԱԳՆ-ն ազդարարել է Համադանում ռուս-իրանական ռազմական համագործակցության ավարտի մասին
Ռուսական օդուժի ներկայությունը Համադանում ժամանակավոր էր,-իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Բահրամ Ղասեմին:
Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Իրանի տարածքից Սիրիայում տեղակայված ահաբեկչական խմբավորումների դիրքերին ռուսական օդուժի իրականացրած ավիահարվածներին, հետևյալ պարզաբանումն է տվել. «Դա մի համատեղ գործողություն էր, ռուսները ոչ այստեղ ռազմակայան ունեն, ոչ էլ տեղակայել են իրենց ուժերը, դա մի ժամանակավոր գործողություն էր, որը շտապ էլ հասավ իր ավարտին»:
Լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ սկզբից չհաղորդվեց գործողության մասին, Իրանի ԱԳՆ մամլո խոսնակը պատասխանել է. «Հաշվի առնելով տարածաշրջանում առկա զգայուն իրավիճակը՝ երկու երկրների համապատասխան գերատեսչությունները գործել են ըստ նախնական պայմանավորվածության, այսինքն՝ ոչ թե գործողությունները գաղտնի են պահվել, այլ հաշվի առնելով մի շարք գործոններ, որոշում է կայացվել վաղօրոք դրանց մասին չհրապարակել: Սկզբից ռուսական կողմը, իսկ այնուհետև Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին այդ մասին տեղեկատվություն ներկայացրին»: