Եվրոպայի լիգան հրաժարվում է համագործակցել ՈՒԵՖԱ-ի հետ
Եվրոպական պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգաների ասոցիացիան երեկ որոշել է խզել ՈՒԵՖԱ-ի հետ համագործակցության հուշագիրը։ Միևնույն ժամանակ ՈՒԵՖԱ-ին ժամանակ է տրվել՝ լիգայի նման քայլը գնահատելու և պատասխան գործողություններ մտածելու համար։ Այսպիսով՝ փաստաթուղթը ոչ թե ակնթարթորեն է կորցնում իր ուժը, այլ 2017 թ. մարտի 15-ից։ Այս մասին հայտնում է sport-express.ru-ն։
Հիշեցնենք, որ ասոցիացիան արդեն 2 անգամ ՈՒԵՖԱ-ից պահանջել է հրաժարվել օգոստոսին հավանություն ստացած Չեմպիոնների լիգայի բարեփոխումներից, պահպանել այժմյան ձևաչափը և հաշվի առնել փոքր ակումբների շահերը։ Նիոնից, սակայն, առայժմ արձագանք չի եղել։
«Մեզ ոչինչ չի մնում անել, քան հրաժարվել հուշագրի պահպանումից»,- հայտարարել է ասոցիացիայի ղեկավար Լարս-Քրիստեր Ուլսոնը, ով նախկինում զբաղեցրել է ՈՒԵՖԱ-ի գործադիր տնօրենի պաշտոնը։
Դա նշանակում է, որ առաջիկա ամռանը լիգան իր վրայից կհանի ազգային առաջնությունների խաղերն այն օրերին չնշանակելու պարտավորությունը, երբ տեղի են ունենում եվրագավաթային հանդիպումները։ Որոշմանը հավանություն է տվել 23 լիգայից 22-ը, որոնց ներկայացուցիչները մասնակցել են ասոցիացիայի գլխավոր ասամբլեային։ Դեմ է արտահայտվել միայն «A» սերիան։