Արա Բաբլոյանը ներկա է եղել Իզաբելլա Դավթյանի և Վասակ Խաչիկյանի հուշատախտակի բացման արարողությանը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր ներկա է գտնվել ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ-մանկաբույժ Իզաբելլա Դավթյանի և նրա ամուսնու՝ ՀԽՍՀ վաստակավոր շինարար Վասակ Խաչիկյանի, հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությանը:
ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդմամբ՝ խորհրդարանի ղեկավարն անգնահատելի է համարել Իզաբելլա Դավթյանի դերը մանկաբուժության բնագավառում: «Նա իր ամբողջ կյանքը նվիրել է երեխաների առողջությանը: Անվանի բժիշկն իր գործընկերների հետ կարողացել է նվազեցնել մանկական մահացությունը, որի մակարդակն այդ տարիներին բավականին բարձր էր»,- նշել է Արա Բաբլոյանը:
Ըստ ՀՀ ԱԺ նախագահի` բժիշկներն այսօր էլ շարունակում են նրա սկսած գործը:
Վասակ Խաչիկյանի գործընկերները բարձր են գնահատել վաստակաշատ շինարարի` ոլորտում ունեցած ավանդը: Հայտնի ամուսինների դուստրը` Աիդա Խաչիկյանը, իր շնորհակալությունն է հայտնել նման նախաձեռնության համար:
Հուշատախտակի բացման պատիվը վերապահվել է նրանց թոռանը՝ Էմիլ Վարդապետյանին:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, բուժաշխատողներ, շինարարներ, պաշտոնատար այլ անձինք: