Նալբանդյանը՝ Դուգինի ԼՂ «հինգ շրջանները» Ադրբեջանին փոխանցելու հայտարարության մասին
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանից Tert.am-ը մեկնաբանություն է խնդրել «Միջազգային Եվրասիական շարժման» ղեկավար Ալեքսանդր Դուգինի հայտարարությունների վերաբերյալ, թե ԼՂ հիմնահարցի բանակցային գործընթացում գոյություն է ունեցել «հինգ շրջանների» փոխանցման մասին պայմանագիր:
Հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև․
Հարց- Պարո՛ն Նալբանդյան, «Միջազգային Եվրասիական շարժման» ղեկավար Ալեքսանդր Դուգինն իր հարցազրույցում, մասնավորապես նշել էր. «Հինգ շրջանների փոխանցման մասին պայմանագիրը գոյություն ունի: Այն քննարկվել է մեր երեք պետությունների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների կողմից»: Խնդրում ենք Ձեր մեկնաբանությունն այս առնչությամբ։
Պատասխան- Այդ ինֆորմացիան բացարձակ չի համապատասխանում իրականությանը։ Վերջին տարիների բանակցային գործընթացի բոլոր փուլերի գլխավոր բաղադրիչ է հանդիսացել այն, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պարտադիր միջազգային իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով։ Մնացած տարրերն ածանցյալ են։ Հայաստանն այս տարիների ընթացքում բազմիցս է հայտարարել, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման իրացման և անվտանգության երաշխավորման հիման վրա հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Այլ կարգի մտավարժանքները, մեկնաբանությունները ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլ ուղղակի անհեթեթություն են։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Դուգինը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի բանակցային հինգ շրջանների փոխանցման մասին պայմանագիրը գոյություն ունի՝ հավելելով, որ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական և թե՛ ռուսական մամուլում հինգ շրջանների փոխանցման նախագիծը ադեկվատ կերպով չի մեկնաբանվում: