Ախալքալաքում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով հինգ հոգու մեղադրանք է առաջադրվել
Ախալքալաքում հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած բախման փաստով մեղադրանք է առաջադրվել հինգ անձի։ Jnews-ի հաղորդմամբ, Վրաստանի Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի առաջին մասով մեղադրանք է առաջադրվել Մ․Մ․-ին, Կ․Մ․-ին, Է․Մ․-ին, Ա․Ա․-ին և Ա․Կ․-ին։
Հետաքննությունը պարզել է, որ հոկտեմբերի 30-ին Ախալքալաքի Թամար Թագուհու փողոցում գտնվող քաղաքական կուսակցություն «Ազգային շարժման» շտաբի մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ էլ ֆիզիկական վնասվածքներ են ստացել «Ազգային շարժման» ներկայացուցիչները։
Միջադեպի կապակցությամբ իրավապահ մարմինները վարել են ինտենսիվ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, հարցաքննվել են միջադեպին մասնակից բոլոր անձիք, վկաները:
Վկաների հարցաքննությունից պարզ է դարձել, որ բախման պատճառ է հանդիսացել «Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչների կողմից մի քանի բենզալցակայաններում նախընտրական պաստառներ պոկելուն և աշխատակիցներին բառացիորեն վիրավորելը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Ախալքալաքում տեղի էր ունեցել զանգվածային ծեծկռտուք, 4 հոգի տեղափոխվել էին հիվանդանոց։ Ծեծի ենթարկվածները «Ազգային շարժման» դաշինքի նախընտրական շտաբի աշխատակիցներ էին, նշվում էր, որ նրանց ծեծել էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի կողմնակիցները և բարեկամները:
Հոկտեմբերի 28-ին Վրաստանում կայացել են նախագահական ընտրություններ, սակայն թեկնածուներից որևէ մեկը չի ստացել անհրաժեշտ քանակությամբ ձայն ընտրություններում հաղթելու համար։ Կայանալու է ընտրությունների երկու փուլ, որին մասնակցելու է անկախ թեկնածու, արտաքին գործերի նախկին նախարար Սալոմե Զուրաբիշվիլին, ում աջակցում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և արտաքին գործերի նախկին նախարար, միացյալ ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի ՆԳՆ հայտարարությունը՝ Ախալքալաքում տեղի ունեցած բախման վերաբերյալ
- Վրաստանի խորհրդարանում աջակցել են Հենզել Մկոյանին
- Պատգամավոր Հենզել Մկոյանը պատմել է Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպի մասին
- Նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն մեկնել է Ախալքալաք
- Զանգվածային ծեծկռտուք՝ Ախալքալաքում