Որոշակի խնդիրներ եղել են, բայց դրանք անցյալում են. Արմեն Գրիգորյան
«Մենք պատրաստ ենք ամենայն պատասխանատվությամբ ստանձնել Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի գործառույթները»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ այս գործընթացը սկսելու համար իրենք հսկայածավալ նախապատրաստական աշխատանք են կատարել։
Անդրադառնալով նոր ռազմավարության ստեղծման անհարժեշտությանը՝ ԱԽ քարտուղարն ասաց, որ նորի մշակման պատճառները բազմաթիվ են. «Գործողը ստեղծվել է12 տարի առաջ է ստեղծվել, որից հետո Հայաստանում, տարածաշրջանում հիմնարար փոփոխություններ են տեղի ունեցել։ Մենք անհրաժեշտություն ենք տեսնում ընդլայնել անվտանգության հայեցակագը, մենք համոզված ենք, որ մեր հզորությունը գալիս է մեր դավանած գաղափարներից, երկրի առաջնորդներից ու երկրի հեղինակությունից»։
Պատասխանելով հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարել էր դավադիր ուժեր կան, որոնք ցանկանում են պատերազմ հրարել, արդյո՞ք ԱԽ-ն զբաղվում է դրանով, նա ասաց. «Քայլեր են կատարվում դավադիր ուժերի հայտնաբերման ուղղությամբ, հավելյալ ինֆորմացի տալ չեմ կարող։ Հրապարակային ինչ խոսվել է, միայն դրա մասին կարող ենք ասել, այլ բան չեմ կարող ասել»։
Ինչ վերաբերում է Երևան-Ստեփանակերտ հարաբերություններին՝ նա նշեց, որ դրանք գտնվում են լավ վիճակում. «Որոշակի Խնդիրներ եղել են, բայց դրանք անցյալում են»։
Անդրադառնալով տարածաշրջանի երկրների հետ քաղաքական օրակարգ ձևավորելուն՝ նա նշեց. «Գոյություն չունեցող հարաբերությունները Թուրքիայի, ինչպես նաև հարաբերությունները Վրաստանի և Իրանի հետ կարևոր ազդեցություն ունեն մեր անվտանգային միջավայրի վրա։ Մի փաստ արձանագրենք, օրինակ՝ ռուս-վրացական պատերազմը ավելի բացասական ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա, քան ապրիլյան պատերազմը։ Այս առումով շատ կարևոր է, որ համակարգն այնպիսին դարձնենք, որ մինիմալի հասցնենք այդ ազդեցությունը»։
Լրագրողները Արմեն Գրիգորյանից հետաքրքրվեցին նաև ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործից, ինչին ի պատասխան նա ասաց, որ այս գործով շարունակելու է իր որդեգրած սկզբունքն ու չի խոսելու։
«Սպասենք գործընթացին ու տեսնենք՝ ինչ արդյունքներ կլինեն», - հավելեց նա։