ԵՄ-ն այս պահին չի կարող հիմնել ներկայացուցչություն Լեռնային Ղարաբաղում․ ՀՀ-ում ԵՄ դեսպան
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չճանաչված միավոր է, այն միջազգային իրավունքի սուբյեկտ չի հանդիսանում։ ԵՄ-ն և ԵՄ երկրները չեն ճանաչել ԼՂ-ն որպես Հանրապետություն, ուստի և Եվրոպական միությունը չի կարող հիմնել այնտեղ ներկայացուցչություն այս պահին»,-այսօր Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը՝ պատասխանելով հարցի, թե ինչու ԵՄ-ն ներկայացուցչություն չի հիմնում Արցախում։
Դեսպանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ գերառաջնահերթություն, ԵՄ-ն շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և ԵՄ-ն կոչ է անում ակտիվացնել բարձր մակարդակի բանակցությունները՝ խաղաղության հաստատման ուղղությամբ։
«Այս հակամարտությունը չունի ռազմական լուծում և պետք է անպայմանորեն կիրառվի քաղաքական հանգուցալուծում, որը կհամապատասխանի միջազգային օրենքին»,-ասաց Անդրեա Վիկտորինը, հավելելով, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել խաղաղաշինական գործընթացներին ու մարդկանց միջև շփումներին երկու կողմերում։
Խոսելով Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մասին հարցին՝ դեսպանը նշում է, միանշանակ կա վիզաների ազատականացման հեռանկար, որն ամրագրված է նաև ՀՀ-ԵՄ համաձայնագրում։
Դեսպանն ասաց, որ տեղյակ է, որ ՀՀ ԱԳՆ-ն նաև սերտ համագործակցում է երկկողմ մակարդակով երկրների հետ՝ առկա մտահոգությունների վերացման ուղղությամբ, որոնք երբեմն վերաբերում են ապաստան հայցողներին է վերաբերում։
«Վիզաների ազատականացման երկխոսության համար անհրաժեշտ է, որ որոշումը կայացվի ԵՄ անդամ 27 երկրների կողմից։ Բայց նաև կարծում եմ, որ անդամպետություններին անհրաժեշտ է պատշաճ հավաստիացում, որ ՀՀ քաղաքացիների շրջանումլիարժեք ըմբռնում կա, թե ինչ է վիզաների ազատականացումը, քանի որ այն չի նշանակում հնարավորություն գտնվել Եվրոպայում երկարաժամկետ կամ ներգրավվել պրոֆեսիոանալ գործունեության մեջ։ Սա նշանակում է ճամփորդել Շենգենյան գոտում 6 ամսում 90 օրը չգերազանցող ժամանակով»,-ասաց դեսպանը։