ՀՅԴ-ական պատվիրակությունը հանդիպել է Հայաստանում Կանադայի հատուկ բանագնաց Ստեփան Դիոնին
Հուլիսի 22-ին ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի և Կանադայի հանձնախմբի համատեղ պատվիրակությունը՝ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և Կանադայի հանձնախմբի նախագահ Մհեր Գարագաշյանի գլխավորությամբ հանդիպել է վերջերս Հայաստանում Կանադայի հատուկ բանագնաց նշանակված Ստեփան Դիոնին։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից։
Հայկական պատվիրակությունը ողջունել է պարոն Դիոնի նշանակումը՝ իբրև Հայաստանում Կանադայի հետագա ներկայացվածությունն ապահովելու գործում կարևոր քայլ։ Հանձնախմբի կողմից նշվել է առկա խնդիրների այն մեծ շրջանակը, որին ներկայումս բախվում է Երևանը, և այն առանցքային դերը, որը Կանադան կարող է ունենալ հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու գործում:
Չնայած այն հանգամանքին, որ պարոն Դիոնի առաքելությունը հիմնականում ուղղված է հայկական ժողովրդավարության ամրապնդմանը, հայկական պատվիրակությունը նաև շեշտել է Թուրքիայի և Ադրբեջանի թշնամական վարչակարգերի կողմից Հայաստանի անվտանգության դեմ ստեղծած մարտահրավերների լուծման առաջնահերթ կարևորությունը, քանի որ դրանք առաջացնում են ներքին անկայունություն և Հայաստանում ժողովրդավարության խոչընդոտներ։ Ընդգծվել է, որ առանց օգնելու Երևանին լուծել իր անվտանգային մարտահրավերները, գործնականում անհնար կլինի դրական փոփոխություններ իրականացնել Հայաստանի կառավարման գործընթացում:
Հայ դատի պատվիրակությունը կարևորել է Կանադայի կողմից Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա ուղղակի ներդրումների միջոցով բարձր մակարդակի բարձրացնել երկու երկրների տնտեսական և քաղաքական համագործակցությունը:
Պատվիրակությունը ողջունել է Հայաստանում ժողովրդավարական գործընթացների բարելավմանը միտված Կանադայի հանձնառությունը` հատկապես ներկայիս իշխանությունների գործողությունների ավտորիտար միտումների, քաղաքական ընդդիմության հետ անառողջ հարաբերությունների, վերջին ընտրարշավի բացասական հռետորաբանության, անկախ ու պաշտպանված դատական համակարգ և քաղաքացիական ծառայություն ունենալու անհրաժեշտության լույսի ներքո:
Հանդիպման ավարտին Հայ դատի ներկայացուցիչները պարոն Դիոնին ներկայացրել են առաջարկությունների նախնական ցուցակ և պայմանավորվեցին շարունակել կառուցողական ներգրավվածությունը: