Թուրքիայում հրաշալի շարժում կա սկսված, որ հայ լինելն այլևս ամոթ չէ. Արագած Ախոյան
«Առաջին անգամ Թուրքիայում՝ Դիրաբեքիրում, հայ համայնքն արտացոլված, շեշտված հայտարարեց իր ինքնության մասին»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Արևմտահայոց ազգային համագումար» կազմակերպության անդամ, «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը, ով մի քանի օր առաջ է վերադարձել Թուրքիայից:
Նա նշեց, որ նախկինում հանդիպում էին հայերի հետ եկեղեցու պարիսպներից ներս, իսկ այս անգամ՝ հասարակական վայրում:
«Աչքերիս չհավատավի, շուրջ 150 հոգի հավաքվել էին, սեղաններ գցել՝ բնորոշ մեր մշակույթին: Մարդիկ հպարտորեն խոսում էին իրենց հայ լինելու մասին, չնայած հայերեն շատ քիչ բառեր գիտեին: Մեզ հետ էր «Նուբար» ազգագրական համույթը: Երգի, պարի հնչունների ներքո սկսվեց հայեցի քեֆ: Շատ եմ եղել, բայց առաջին անգամ էին նման կազմակերպված ձևով դիմավորում մեզ»,- ասաց Ա. Ախոյանը:
Նա նշեց, որ հրաշալի շարժում կա սկսված, որտեղ հայ լինելը դարձել է արժանապատվության խնդիր, հայ լինելն այլևս ամոթ չէ, վտանգավոր չէ:
«Իհարկե, վտանգավոր է, բայց կան մարդիկ, որ արհամարհում են, չեն վախենում, մարդիկ կան որ, ասում են՝ ինչ լինում է, թող լինի: Դրա մասին սկսել են խոսել մամուլում, ինչի մասին մի քանի տարի առաջ անհնար էր խոսել»,- ասաց նա:
Խոսելով Վանում հայկական գերեզմանատան տարածքում հանրային զուգարանների կառուցման մասին, Ա. Ախոյանն ասաց, որ տարածքի սեփականատերը քանդել, զուգարաներ է կառուցել, աշխատանքներն ավարտված են:
«Զուգարանի հիմքերը փորելիս՝ մարդկային ոսկորներ են գտել: Որպեսզի շինարարությունը չդադարեցնեն, շատ արագ են արել ամեն ինչ ու ավարտել»,- նշեց նա:
Հարցին, թե հնարավո՞ր չէր սեփականատիրոջ հետ բանակցություններ վարել, ասել՝ մի քանդեք, նա պատասխանեց, որ արդյունք չէր տա, քանի որ իրենց ղեկավարը չպետք է թույլ տա:
«Աղմուկն արդեն իսկ կանխարգելիչ միջոց է, կվախենան աղմուկից, հաստատ բողոքի ձայնը մինչև Անկարա կհասնի՝ ղեկավարությանը: Նրանք էլ կհրահանգեն, որ նման աղմուկներն այսօր ձեռնտու չեն Թուրքիային »,- ասաց Ա. Ախոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արևմտյան Հայաստանի մեր հուշարձանները թուրքերը արոտավայրերի ու թռչնաշուկայի են վերածել. Է. Մինասյան
- Վանում հայկական գերեզմանոցի տեղում հասարակական զուգարան է կառուցվել