ԼՂՀ ՊԲ-ում գրանցված միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել
Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկի պահպանման տակ գտնվող առաջնային բնագծում տեղի ունեցած արտակարգ միջադեպի կապակցությամբ արդեն իսկ ձերբակալված կա: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:
«Քրեական գործով կասկածյալը, որը հանդիսանում է նույն զորամասի ժամկետային զինծառայող՝ ձերբակալված է, որի տվյալները և քրեական գործի այլ մանրամասներ նախաքննության շահերից ելնելով դեռևս հրապարակման ենթակա չեն», -հավելեց ՊՆ ներկայացուցիչը` միևնույն ժամանակ հրաժարվելով մանրամասներ ներկայացնելուց:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին ժամը 24.00-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող առաջնային բնագծում տեղի է ունեցել մահվան ելքով արտակարգ միջադեպ, որի հետևանքով զոհվել են ժամկետային զինծառայողներ` Լևոն Սոսի Եսայանը (ծնվ. 1991թ.), Ներսես Վալերիկի Գալոյանը (ծնվ. 1990թ.), Նարեկ Վարդանի Սահակյանը (ծնվ. 1990թ.), Նվեր Մարտիկի Սարգսյանը (ծնվ. 1991թ.):
Նույն միջադեպի արդյունքում հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ` Սարգիս Հակոբի Մելքումյանը (ծնվ. 1991թ.), Խաչիկ Սարգսի Ալեքսանյանը (ծնվ. 1992թ.), Մասիս Մավրիկի Գրիգորյանը (ծնվ. 1991թ.) և Մանվել Արմենի Հազրոյանը (ծնվ. 1991թ.): Միջադեպի հետ կապված մյուս մանրամասները ճշտվում են:
ՀՀ ՊՆ քննչական ծառայության երկրորդ կայազորային քննչական բաժնում երկու և ավելի անձանց սպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի երկրորդ մասի առաջին կետով` «սպանություն»: