«Ինգո Արմենիա»-ն ԱՊՊԱ շուկայում ունի 20% մասնաբաժին
««Ինգո Արմենիան» հունվարի մեկից սկսել է ԱՊՊԱ պայմանագրերով հատուցումների գործընթացը: Պարզեցված կարգով ընդհանուր առմամբ վճարել ենք մինչև 4 մլն դրամի հատուցում, ամեն դեպքի համար մինչև 200 հազար դրամի սահմաններում:
Եղել են նաև 200 հազարից ավելի վնասով դեպքեր : Դրանց մասով հատուցումները վճարված չեն, որովհետև դեռևս գտնվում են պատահարի պատճառների և վնասի չափի փորձաքննության փուլում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Ինգո Արմենիա» ընկերության պատասխանատու ակտուար Հայկ Զայիմցյանը:
Հայկ Չայիմցյանի փոխանցմամբ, հունվարի 1-ից մինչ օրս «Ինգո Արմենիան» ԱՊՊԱ պատահարների հետ կապված ստացել է 240 հեռախոսազանգ : Դրանց մի մասի դեպքում մեղավորը եղել է ընկերության կողմից ապահովագրած տրանսպորտային միջոցը, մյուսների դեպքում ընկերության կողմից ապահովագրված տրանսպորիտային միջոցը եղել է տուժող:
Երեկ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Վահե Վարդանյանը նշեց, որ հունվարի 17-ի դրությամբ ապահովագրված ավտոմեքենաների տեսակարար կշիռը մոտենում է 65%-ի։ Ըստ Հայկ Զայիմցյանի, իրենց մասնաբաժինն այսօր ԱՊՊԱ շուկայում կազմում է 20%, ինչն ի սկզբանե եղել է ընկերության նպատակային ցուցանիշը:
Լրագրողներն այսօր ներկա եղան նաև վնասի փոխհատուցման գործընթացին, երբ տուժող կողմը ստացավ 180 հազար դրամ փոխհատուցում:
|
«Մեր ընկերությունում ապահովագրված տրանսպորտային միջոցը բախվել էր 3-րդ անձի տրանսպորտային միջոցին, և քանի որ մեր կողմից ապահովագրված տրանսպորտային միջոցի վարորդը ճանապարհային երթևեկության կանոնների խախտում էր արել և պատահարի մեղավորը ինքն էր, մենք տուժողին արագացված կարգով վճարում ենք հատուցում , կոնկրետ այս դեպքում հատուցումը կազմում է մոտ 180 հազար դրամ, որը գրեթե այն առավելագույն սահմանաչափն է, որն օրենքով սահմանված կարգով մենք իրավասու ենք վճարել պարզեցված կարգով»,- նշեց «Ինգո Արմենիա» ընկերության պատասխանատու ակտուար Հայկ Զայիմցյանը:
«Տուժող կողմը գոհ էր և հատկացված գումարի չափից և «Ինգո Արմենիա» -ի կատարած աշխատանքից»,-հավելեց նա: