«Արարատ-ցեմենտ»-ը սկսեց բնականոն աշխատել. կրճատումներ չեղան
«Արարատ-ցեմենտ» գործարանը սկսել է վերագործարկել: Տնօրենի հավաստմամբ, հունիսի 20-ից գործարանը ցեմենտ է արտադրում և մարդիկ սովորականի պես աշխատանքի են գնում, գործարանում աշխատանքային եռուզեռ է:
Հանքարդյունաբերական գործարանն աշխատում է բնականոն հունով և անգամ հասցրել է մեծածավալ արտահանում իրականացնել: Նրա խոսքով՝ գործարանի 1500-ից ավելի աշխատողներից և ոչ մեկը չի կրճատվել: Իսկ կվարձատրվեն նրանք, թե ոչ ՝ իրենց միամսյա պարապուրդի դիմաց հարցին, տնօրենի փոխարեն Panorama.am-ին կարողացավ պատասխանել միայն Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը. «գործարանի աշխատակիցներն անպայման կստանան իրենց աշխատավարձերը՝ անկախ այն բանից գործարանն այս ընթացքում աշխատել է, թե ոչ»:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ-ցեմենտ» գործարանը մայիսի 26-ին դադարեցրել էր աշխատանքը: Պատճառների մասին տնօրինությունն սկսեց խոսել միայն մեր հրապարակումից հետո՝ նշելով, որ «Արարատ -ցեմենտ» գործարանում առաջացած խնդիրների հիմքում չկան քաղաքական դրդապատճառներ` կապված գործարանի սեփականատեր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ կոալիցիա չմտնելու հետ:
«Այս ամենում քաղաքական որևէ երանգ պետք չէ փնտրել և չկա իրականում, պատճառները տեխնիկական են»,-Panorama.am-ին փոխանցել էր պարոն Ծառուկյանը և վստահեցրել, որ «Արարատ-ցեմենտի» որևէ աշխատակից գործազուրկ չի մնա:
Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի ՝ «Արարատ- ցեմենտ»-ում վերջին շրջանում ստեղծված իրավիճակը մեծապես պայմանավորված է եղել տնօրինության կազմի հնարավոր փոփոխություններով, ինչը սակայն մեզ հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի խոսնակը չհաստատեց՝ նշելով, որ ոչ նման բան չի նախատեսվում:
ՍՅՈՒԶԻ ԲԱԴՈՅԱՆ
Նախորդող` http://panorama.am/am/politics/2012/06/13/gagik-tsarukyan/?fb_ref=.T9ilVvtyH7k.like&fb_source=timeline
http://www.panorama.am/am/society/2012/06/13/ararat-cement/