ՀՀ նախագահի ցուցումով Զարեհ Խրախունիին է հանձնվել Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանը
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի փետրվարի 3-ի հրամանագրով ազգային մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա և արգասաբեր հայանպաստ գործունեության, ինչպես նաև գրականության բնագավառում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար Պոլսահայ բանաստեղծ, թատերագիր և թարգմանիչ Զարեհ Խրախունին պարգևատրվել էր Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով:
«Երկարատև և ծանր հիվանդության պատճառով Զարեհ Խրախունին չկարողացավ մասնակցել շքանշանի հանձման արարողությանը Հայաստանում, ինչի պատեհ առիթը հանդիսացավ Ստամբուլում մեկնարկած շախմատի օլիմպիադան: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ցուցումով Նախագահի օգնականի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 4-ին Ստամբուլի Հայոց Պատրիարքարանում հոգևոր, գրական և համայնքային շրջանակներից մի քանի տասնյակ հրավիրյալների մասնակցությամբ Զարեհ Խրախունիին հանձնեց Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանը: Հավաքույթը բացվեց Պոլսո Պատրիարքի փոխանորդ սրբազան Արամ Աթեշյանի օրհնությամբ և բացման խոսքով, ով իր շնորհակալությունը հայտնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին Պոլսահայ համայնքին ցուցաբերած ուշադրության համար, ինչը պատիվ է բերում թե պոլսահայությանը և թե արևմտահայ գրականությանը ընդհանրապես»,- հայտնում են Panorama.am-ի Ստամբուլում գտնվող գործընկերները:
Հիշեցնենք, որ նախկինում այսպիսի բարձր շքանշանի էր արժանացել նաև «Մարմարա» օրաթերթի խմբագիր և արձակագիր Ռոբեր Հատեճյանը:
Ըստ աղբյուրի, պատվիրակության կազմում է եղել նաև Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, որը բանաստեղծին հանձնել է Հայաստանի գրողների միության իսկական անդամի վկայագիր, ընգծելով որ շքանշանի տրման արարողությունը հատկանշում, է ոչ միայն բանաստեղծի բացած էպիկական խորունկ ճանապարհը և տաղանդի ընդգրկուն սահմանները այլ նաև մեկնում է հայ բանաստեղծության զարգացման այն կայուն ուղին, որը անցյալ դարի 60-ական թվականներից ի վեր հատկանշվում է գրական շարժման գծերով:
Պատասխան խոսքով հանդես է եկել նաև մեծարյալ բանաստեղծը, որը իր խանդագին շնորհակալությունն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին` հայտարարելով, որ այս օրը իր բովանդակ կյանքի գագաթնային օրերից մեկն է և ավելի քան 64 տարիների գրական, ստեղծագործական կյանքի և նպատակասլաց ձգտումների պսակը: