Րաֆֆի Հովհաննիսյանը առաջարկում է Սերժ Սարգսյանին հանդիպել
Քիչ առաջ ավարտվեց Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած ասուլիս-հանրահավաքը Ազատության հրապարակում: Դիմելով հավաքվածներին` Ր. Հովհաննիսյանը նշեց.
«Ես երեկ կոչ արեցի, որ Սերժ Սարգսյանը 20 տարվա ընթացքում դառնա առաջին նախագահը, ով ունի այնքան ներուժ ու բարոյականություն` ընդունելու ժողովրդի հաղթանակը: Ցավոք սրտի, մինչև հիմա նա չկարողացավ դա անել: Ուշ չէ: Վաղը ժամը հինգին մենք միասին այստեղ հանդիպում ենք համազգային հանրահավաքում և մինչ այդ ես առաջարկում եմ պարոն Սարգսյանին` հրապարակային հանդիպմամբ, թե մասնավոր, ինձ հետ հանդիպել և միասին կազմակերպել Հայաստանի իշխանության փոխանցումը ժողովրդին»:
Այնուհետև, շարունակելով միտքը՝ «Ժառանգության» առաջնորդը խոստովանության կոչով դիմեց պետական պաշտոնյաներին. «Ով ունի խոստովանանք, մինչև վաղը ժամը հինգը թող խոստովանի` նախագահ կլինի, ԱԺ նախագահ, պատգամավոր, վարչապետ, թե նախարար, դատավոր, մարզպետ, քաղաքապետ, թե գյուղապետ… Ով խոստովանի իր սխալը, ժողովրդի անունից ներում կստանա, իսկ եթե ոչ, պատասխան կտա»:
Պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե` թեկնածուի շտաբի կողմից երեկ հրապարակված 42 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքներից բացի Հովհաննիսյանի շտաբն ունի արդյոք այլ ընտրատեղամասերի տվյալներ, Րաֆֆի Հովհաննիսյանը խորհուրդ տվեց զրուցել շտաբի մամուլի պատասխանատու Հ. Խուրշուդյանի հետ, ապա հավելեց. «Երբ առանձին-առանձին ներկայացնում ենք ընտրատեղամասերի արդյունքները, ակնհայտ է, որ ժողովուրդը հաղթել է, իսկ երբ հանրագումարի են բերում դրանք, ինչ-որ կախարդական, հակահայկական թվաբանությամբ ուրիշ հանրագումարի են հասնում»:
Ասուլիս-հանրահավաքի ավարտից հետո հավաքվածները Րաֆֆի Հովհաննիյանի հետ միասին Մաշտոցի Պողոտայով շարժվեցին դեպի Մոսկովյան պուրակ: Մոսկովյան պուրակի շրջակայքից նա հեռացավ, իսկ երթի մասնակիցները «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանի առաջնորդությամբ հավաքվեցին ԿԸՀ-ի դիմաց: Նրանք վանկարկում էին «Սերժիկ հեռացիր», «Րաֆֆի նախագահ»:
Նշենք, որ ակցիային մանակցում էին տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներ: