Վադիմ Միշին. Աուրելիա Գրիգորիուի հայտարարությունը չի համապատասխանում Մոլդովայի դիրքորոշմանը
«ՀՀ Ազգային ժողովում օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուի սկանդալային հայտարարությունը չի համապատասխանում մեր երկրի դիրքորոշմանը: Խորհրդարանի փաստաբանի ելույթը քաղաքականացված էր, ինչն անթույլատրելի է»,-այսպիսի հայտարարությամբ է այսօր հանդես եկել Մոլդովայի մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վադիմ Միշինը: Հանձնաժողովը հանգել է այն եզրակացության, որ փաստաբանի ելույթը քաղաքական տեսանկյունից անպատշաճ և ոչ մասնագիտական վարքագծի դրսևորում էր: Այնուամենայնիվ, այս հարցի առթիվ վերջնական որոշում դեռ կայացված չէ:
Իր ելույթում նախագահը նշել է, որ իրենք, ունենալով Մերձդնեստրի հարցը , չափազանց լավ են հասկանում խնդրի նրբությունն ու իրավիճակի բարդությունը: Նրա խոսքերով`փաստաբանը որևէ իրավունք չուներ իրավական գնահատականներ տալու ոչ ադրբեջանական և ոչ էլ հայկական կողմին` փոխարենը Մոլդովայում մարդու իրավունքների պաշտպանությունը ներկայացնելու:
Հանձնաժողովի նախագահը քննադատեց նաև փաստաբանի կողմից միջազգային կառույցների փաստաթղթերից որոշակի պատառիկների կիրառումը: «Ըստ օրենքի` խորհրդարանական փաստաբանը պետք է զբաղվի մարդու իրավունքների պաշտպանությամբ` իր երկրում: Ոչ ոք չի արգելել սեփական կարծիքն արտահայտել: Սակայն այն պետք է մաքսիմալ պրոֆեսիոնալ և բացարձակապես անկողմնակալ լինի, ինչը չի կարելի ասել Գրիգորիուի ելույթի մասին: Չի կարելի մասնատել ամբողջական փաստաթուղթը: Եթե դա ՄԱԿ-ի փաստաթուղթ է, ապա այն պետք է ամբողջությամբ ուսումնասիրել, այլ ոչ թե համատեքստից դուրս պատառիկներ կիրառել, ինչը կարող է բացասական դեր խաղալ»,- եզրափակել է Վադիմ Միշինը:
Հիշեցնենք` Մոլդովայի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուն, անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը, հուլիսի 4-ին Հայաստանի խորհրդարանում հանդես էր եկել իրականությանը չհամապատասխանող հայտարարությամբ և Հայաստանին անվանել էր «ագրեսոր երկիր»։