Հ. Նաղդալյան. Օրենքը կանանց և տղամարդկանց իրավական հարաբերությունների հավասարության մասին է և ոչ՝ ֆիզիոլոգիական
«Եվս մեկ անգամ ուզում եմ շեշտադրել, որ այս օրենքը ֆիզիոլոգիական, կենսաբանական սեռի մասին չէ: Ոչ թե կանանց և տղամարդկանց հավասարության, այլ իրավահավասարության մասին է: Խնդիրը իրավական հարաբերությունների հարթությունում է: Այս օրենքը կանանց հնարավորությունները հանրային կյանքում ընդլայնելուն է միտված, մեր կանանց իրավական հնարավորություններ տալու՝ հանրային կյանքում դրսևորվելու և հավասար արդյունքներ ունենալու համար»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը` անդրադառնալով վերջերս ակտիվ շահարկման առարկա դարձած «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքին:
Ըստ ԱԺ փոխխոսնակի` օրենքում չկա որևէ աղերս այն այլասերվածությունների հետ, որոնց դեմ շատ իրավացիորեն ըմբոստանում է մեր հասարակությունը:
«Մենք էլ նույն մերժողական վերաբերմունքն ունենք դրանց նկատմամբ: Բայց այս օրենքը որևէ ուղղորդվածություն չունի ընտանիքի քայքայման, այլ լրիվ հակառակը՝ խոսում է այն մասին, որ կնոջ նկատմամբ պետք է ավելի շատ հարգանք լինի, և՛ ընտանիքում , և՛ հանրության մեջ, և՛ աշխատանքում, որ կինը կարողանա ավելի շատ դրսևորվել, դուրս գալ «ընտանեկան ծառայողի» դերից, որ բնության կողմից իրեն տրված շնորհքը, գիտելիքները կարողանա օգտագործել հանրային կյանքում՝ իր կարիերան կերտելով: Ասեմ ավելին, մենք ՝ Հանրապետականներս, կողմնակից էլ չենք պարզապես կարիերային: Լինելով պահպանողական կուսակցություն՝ համարում ենք, որ մեզ համար գերկարևոր է կնոջ աստվածատուր դերը՝ ազգի շարունակության, նոր սերնդի ծնելու և դաստիարակելու գործում»,- նշեց մեր զրուցակիցը:
Հ. Նաղդալյանը ավելացրեց, որ նաև այն կարծիքին են, որ չի կարելի և կոնտր-արդյունավետ է հասարակության համար սահմանափակել կնոջ դերակատարությունը միայն դրանով, այլ պետք է կնոջը տալ հավասար հնարավորություն, որպեսզի ինքը կարողանա և՛ աշխատանքում, և՛ քաղաքականության մեջ, և՛ հանրային կյանքում իր գիտելիքները, իր տաղանդը, իր հնարավորությունները իրացնել ոչ թե ի վնաս ընտանիքի, այլ զուգահեռ, համատեղ:
«Այս մասին է օրենքը և սրա ընդունումը դրանով է կարևոր : Ցավում եմ, որ այսօր շատ ապատեղեկատվություն ու խառնաշփոթ կա այս օրենքի շուրջ, երբեմն նույնիսկ՝ միտումնավոր՝ ինչ-որ շահերից ելնելով: Որպեսզի այդ խառնաշփոթը հաղթահարվի, ուզում եմ ևս մեկ անգամ թեմային վերադառնալ՝ ընդգծելով ՝խնդիրը չի առնչվում ֆիզիոլոգիական սեռին, խնդիրը վերաբերում է կնոջ հնարավորություններին մեր հասարակության մեջ՝ ավելի լայն իր պոտենցիալը իրացնելու: Խնդիրը միայն ու միայն իրավահավասարությանն է վերաբերում: Մենք որ ցանկանանք էլ երբեք կնոջն ու տղամարդուն իրար հավասարեցնել իրավական դաշտից դուրս, չենք կարող: Մեզ համար կարևոր և առաջնային են ընտանեկան արժեքները»:
Հ.Նաղդալյանը շեշտեց նաև, որ իրենք կիսում են Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու ազգասեր և ընտանեկան արժեքների պահմանմանը միտված մոտեցումները. «Ե՛վ օրենսդիր, և՛ գործադիր մարմնի ներկայացուցիչներս հայտնել ենք մեր պատրաստակամությունը՝ քննարկելու և տարընթերցումից խուսափելու համար խմբագրել կամ փոխել այս ձևակերպումը, բայց կարծում ենք նաև, որ իսկապես բացատրական և տեղեկատվական աշխատանքի անհրաժեշտություն ևս կա»,- հավելեց ԱԺ փոխխոսնակը:
Նախորդիվ`
Կառավարությունն ընդառաջ գնաց հանրության քննադատությանը. «Գենդերային» օրենքում փոփոխություններ կկատարվեն