Նազարբաև. «Ուկրաինայում կատարվածը բոլորիս մտածելու տեղիք է տալիս»
Ուկրաինայի ժողովուրդը պետք է ինքնուրույն լուծի իր ներքին խնդիրները, իսկ մյուս երկրներն էլ պետք է կատարվածի վերաբերյալ եզրահանգումներ անեն: Նման տեսակետ է հայտնել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը` Ղազախստանի ժողովուրդների 12-րդ Ասամբլեայում ունեցած ելույթի ժամանակ: Փոխանցում է «Ռիա-Նովոստի» լրատվական գործակալությունը:
«Մենք վստահ ենք, որ ուկրաինական ժողովուրդը ինքը պետք է լուծի իր խնդիրները` առանց արտաքին միջամտության` բոլոր շահագրգիռ կողմերի հետ խաղաղ բանակցությունների միջոցով»,- նշել է Նազարբաևը:
Ղազախստանի նախագահի խոսքով` Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները պետք է յուրաքանչյուրին մտահոգվելու տեղիք տա: Նա ընդգծել է խաղաղության և համաձայնության նշանակությունը` տնտեսական աճի, նորմալ կենսապայամանների ապահովման և բարեկեցության համար:
«Խտրականության ցանկացած ձև, խաղաղության և համաձայնության նկատմամբ ցանկացած ոտնձգություն մեզ մոտ անթույլատրելի է և խիստ վերահսկվում է օրենքով: Մենք բոլորս տարբեր և հավասար ենք, բոլորս միասնական ղազախ ժողովրդի ժառանգներն ենք: Երբեք չեմ հոգնի կրկնել, որ միասնությունը և համախմբվածությունը հասարակության գլխավոր արժեքներն են»,- նշել է Նազարբաևը:
Նկատեք, որ Ղազախստանի նախագահի կողմից նման բովանդակությամբ հայտարարություններ վերջերս հաճախ են արվում, ինչը պայամանավորված է ուկրաինական դեպքերի և Ղրիմի հանրաքվեի արդյունքում ստեղծված վիճակով և այդ դեպքերի` հետխորհրդային մյուս հանրապետությունների վրա հնարավոր ազդեցության հավանականությամբ: