Հայաստանում իշխանության և հասարակության միջև երկխոսության իրական, առողջ մեխանիզմեր չկան. Արտակ Կիրակոսյան
«Հայաստանում իշխանության և հասարակության միջև երկխոսության իրական, առողջ մեխանիզմեր չկան, միայն փողոցներ, ճանապարհներ փակելով է հնարավոր լինում հասնել կամ նույնիսկ չհասնել իշխանության կողմից որևէ արձագանքի, փողոցային գործողությունների արդյունքում է, որ իշխանությունները դիմում են որոշ գործողությունների»,-ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված Զարգացման Հետ-2015 թվականի ծրագրի քննարկման ժամանակ նման դիտարկում արեց Քաղաքացիական հասարակության ինստիտուտի խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը:
Նշենք, որ այս ծրագիրն ուղղված է երկրներում կայուն զարգացում ապահովվելուն, իսկ դա, ըստ ՄԱԿ հայկական ասոցիացիայի հակամարտությունների կանխարգելման ծրագրերի համակարգող Ամալյա Գրիգորյանի, հնարավոր է խաղաղության, անվտանգության, հակամարտությունների կանխարգելման միջոցով:
Ա. Կիրակոսյանը խոսելով Հայաստանում բռնությունների մասին, առանձնացրեց ցույցերի ժամանակ ոստիկանների կողմից կիրառվող բռնությունները, ինչպես նաև քրեական գործերի ընթացքում կիրառվող բռնությունները, ինչը խոստովանում են նաև իշխանությունները:
«Մեզ մոտ մարդուն ծեծելը, խոշտանգելն ավելի քիչ հանցագործություն է, քան, ասենք, գույքի նկատմամբ հանցագործություն կատարելը»,- ասաց նա:
Ա. Կիրակոսյանի խոսքով, պետք է հենց դպրոցներից աշխատել, որպեսզի երեխաները իմանան ինչ-որ փոփոխության կարելի է հասնել առանց բռնություն կիրառելու:
Մարդու իրավունքների պաշտպանի գլխավոր խորհրդական Աննա Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանում տարբեր տեսակի բռնություններ են կիրառվում՝ կախված հասարակության կյանքում տեղի ունեցող գործընթացներից. «Մենք բռնության դեպքերի ենք հանդիպում կիսափակ և բաց հաստատություններ այցելելիս, մոնիտորինգային այցելությունների ժամանակ, արագ արձագանքների ժամանակ»:
ՄԱԿ հայկական ասոցիացիայի հակամարտությունների կանխարգելման ծրագրերի համակարգող Ամալյա Գրիգորյանը խոսելով հետ-2015 զարգացման օրակարգի մասին, ասաց, որ այն փոխարինելու է գալիս Հազարամյակի զարգացման նպատակներին, որի իրականացման վերջնաժամկետը 2015 թվականն է:
«Ձևաչափի հիմնական նպատակն է աշխարհում ծայրահեղ աղքատության նվազեցումը: Այս պարագայում նշենք, որ ծայրահեղ աղքատության նվազեցումը համակարգային մոտեցում է պահանջում: Այդ խնդրի լուծման համար զուգահեռաբար այլ խնդիրներ էլ պետք է լուծվեն՝ առողջապահության, բուժօգնության հասանելիության, կրթության երեք մակարդակների հասանելիության և այլն: ՄԱԿ հայկական ասոցիացիան այս պարագայում Հետ -2015 զարգացման օրակարգում կարևորում է խաղաղությունը, անվտանգությունը և հակամարտությունների կանխարգելումը: Եթե ուզում ենք ունենալ կայուն զարգացում, պետք է ունենալ երաշխիք այդ կայությունն ապահովելու համար, իսկ խաղաղությունը, անվտանգությունը, հակամարտությունների կանխարգելումը կարևոր նախապայման են կայուն զարգացում ապահովելու համար»,- նշեց նա: