Շոյգու. Ռուսաստանը զարգացնելու է իր ռազմակայանները Հայաստանում և Տաջիկստանում
Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Մոսկվան շարունակելու է ակտիվորեն զարգացնել իր օտարերկրյա ռազմակայանները: Itar-tass-ի փոխանցմամբ, Շոյգուն նշել է, որ իրենք զարգացնելու են Հայաստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում գտնվող իրենց ռազմակայանները:
Նրա խոսքով, ռուսական ռազմաօդային ուժերը տեղակայվել են նաև Բելառուսում և սկսել են թռիչքներ իրականացնել:
Հիշեցնենք, որ Հայաստանի տարածքում՝ Գյումրիում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանը: Հիմնադրվել է 1995 թ.-ին` միջպետական պայմանագրով: Իրականացնում է մարտական հերթապահություն ԱՊՀ ՀՕՊ Միասնական համակարգի շրջանակներում։
Բազան հագեցած է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ կայանով, «Բուկ», «Ստրելա-10» և Ս-300Վ զենիթահրթիռային, «Կոնկուրս» հակատանկային համակարգերով, «Գռադ» համազարկային կրակի ռեակտիվ կայանով, «2Ս1 Գվոզդիկա» ինքնագնաց հրետանային համակարգով, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենայով, Տ-72Բ տանկով, ինչպես նաև ՄԻԳ-29 կործանիչներով։ Անձնակազմը բաղկացած է մոտ 5.000 հոգուց։ 2013 թ.-ին 102-րդ ռազմաբազան զենիթա-հրթիռային ստորաբաժանումների համար կառավարման նոր շարժական կայաններ (ԿՇԿ) է ստացել:
Բացի այդ, Հայաստանը նաև ՀԱՊԿ անդամ է: