Ծառուկյանի հարցազրույցում նույն մտքերն էին, ուղղակի ավելի լավ շարադրված. Է.Շարմազանով
«Իր հարցազրույցում ԲՀԿ առաջնորդը կրկնել է այն ամենը, ինչ ասվել է հանրահավաքում: Պարզապես կարող եմ ասել, որ ձեր նշած հռետորի հարցազրույցում այդ մտքերը ավելի հասկանալի կերպով էին շարադրված: Բայց այնուամենայնիվ նա կրկնվել է և որևէ նորություն փնտրել այդ հարցազրույցում պետք չէ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի «zham.am»-ին տված այսօրվա հարցազրույցին:
Ի պատասխան հարցազրույցում հնչած այն մտքի, որ իշխանությունները պետք է հետևություններ անեն եռյակի հանրահավաքների բազմամարդ լինելուց, պաշտոնյան ասաց, որ իշխանությունները շատ լավ տիրապետում են իրավիճակին, գիտեն նաև խնդիրների մասին , ինչպես նաև ` ինչպես լուծել այդ խնդիրները: Պարզապես ի տարբերություն ոչ իշխանական ուժերից` իշխանությունները զերծ են մնում պոպուլիզմ մեխանիզմի կիրառումից:
«Հետաքրքիրն այն է, որ այդ ուժերը անընդհատ քննադատում են այս կամ այն թերությունը, բայց որևէ մեխանիզմ դրա վերցման ուղղությամբ չեն առաջարկում: Հիմա էլ քննադատում են 2015թ-ի պետբյուջեի նախագիծը, բայց հարց է առաջանում` իսկ ի՞նչն էր նրանց խանգարում մշակել բյուջեի նախագծի սեփական տարբերակը և ներկայացնել այն հանրությանը»,- հարցադրում արեց Է.Շարմազանովն ու ևս մեկ անգամ կրկնեց` այն, որ երկրում իրոք կան խնդիրներ իշխանությունը գիտի:
Իսկ ինչ վերաբերում է Ծառուկյանի այն մտքին, թե հասարակությունը նոր քաղաքական դեմքերի կարիք ունի, ԱԺ փոխխոսնակը մատնանշեց, որ հարթակում կանգնածների մեջ որևէ նոր դեմք չի տեսնում և որ նրանցից բոլորը, բացառությամբ մեկի, եղել են իշխանության կազմում .
«Այսինքն` նրանք արդեն ունեցել են այդ հնարավորությունը ` քայլեր անել ժողովրդի համար կարևոր խնդիրների լուծման ուղղությամբ»,- հավելեց նա: