Երիտասարդ զինվորը պետք է ապացուցի, որ արժանի զավակն է մեր հերոս տղաների. Մովսես Հակոբյան
«Սերնդափոխությունը բերում է նորություն, բանակի երիտասարդացում, ինչպես նաև պատասխանատվություն, որովհետև այսօրվա երիտասարդի համար մի քիչ ավելի պատասխանատու և դժվար է, քանի որ ինքը ոչ միայն պետք է կարողանա պահել, պահպանել ավագ սերնդի կատարածը, այլ նաև պետք է ապացուցի, որ ինքն արժանի զավակն է մեր հերոս տղաների»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Հայոց բանակի 23-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով այսօր նա պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով` բանակաշինության գործում ունեցած ավանդի համար:
Հարցին, թե զինվորների մարտական ոգին շարունակո՞ւմ է բարձր մնալ` հաշվի առնելով հունվարյան լարվածությունները, Մ.Հակոբյանը նշեց, որ հակառակորդը` երկրում տեղի ունեցած ցանկացած վատ դեպքի, ցնցումների ժամանակ գիտի, թե իր օրհասական պահը եկել է և կարող է հաջողությունների հասնել: Մինչդեռ, ըստ ՊԲ-ի հրամանատարի, այդ դժվարությունները հայ ժողովուրդ միշտ հաղթահարել է և հաղթահարելու է:
«Պատերազմը որպես այդպիսին ավարտված չէ, քանի որ խաղաղության պայմանագիր դեռևս կնքված չէ, բայց սրացումները ժամանակ առ ժամանակ եղել են, կարծում եմ, որ կշարունակվեն, բայց դա բանակի համար որևէ խնդիր չէ: Բանակը հենց դրա համար է ստեղծված, որպեսզի այդպիսի ոտնձգություններին կարողանա դիմակայել և համարժեք պատասխան տալ»,- ասաց Մ.Հակոբյանը: