Լուծումը երկխոսության հնարավորության ստեղծումն է
Այն ինչ տեղի ունեցավ այսօր առավոտյան «Ոչ թալանին» շարժման նստացույցի ժամանակ, որքան էլ անցանկալի էր, այդուհանդերձ միանգամայն կանխատեսելի էր: Համենայն դեպս, գիշերը ժամը 1-2-ի մոտակայքում Բաղրամյան պողոտայով թեթև զբոսանքը հուշում էր, որ իրավապահները մտադիր են ուժ գործադրել և ընդամենը սպասում են հարմար պահի:
Ցուցարարները, հատկապես «ստաժավոր» ցուցարարներն, այս մասին չիմանալ չէին կարող, հետևաբար հարց է ծագում՝ ինչո՞ւ նրանք համապատասխան հետևություններ չարեցին, և ինչո՞ւ քայլեր չձեռնարկեցին ակցիայի ընթացքն ուղղորդելու այնպես, որ գոնե որևէ շոշափելի արդյունք գրանցվի:
Ի դեպ, սա կազմակերպիչների միակ սխալը չէր, ըստ որում՝ սխալներից ամենակարևորը չէր: Սխալներն արդեն իսկ գրանցվել էին ակցիայի նախորդ փուլերում, երբ հերթական կրիտիկական պահին ընտրվում էին հնարավոր որոշումներից ամենևին էլ ոչ լավագույնները:
Հիմնական բացթողումը, թերևս, իրականանալի պահանջի բացակայությունն էր: Արտաքուստ թվում էր, թե ակցիայի մասնակիցները բավականին հստակ պահանջ էին ներկայացրել՝ վերանայել կամ չեղարկել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու որոշումը:
Նախնական փուլում սա նորմալ և ողջամիտ պահանջ էր: Մարդիկ, դժգոհ լինելով կայացված որոշումից (համաձայնեք, որ էլեկտրաէներգիայի թանկացման մասին որոշումից ոչ ոք գոհ լինել չէր կարող), պահանջում էին այն վերանայել: Բայց ինչ-որ բան հուշում է, որ եթե այդ որոշումը վերանայելու ռեսուրս լիներ, այն չէր կայացվի առհասարակ: Մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակն ու կառավարության իմիջն այնպիսին չեն, որ առանց սուր անհրաժեշտության համապատասխան մարմինները նման ոչ պոպուլյար որոշման կգնային:
Կնշանակի ակցիայի մասնակիցները պետք է ունենային նաև ինչ-որ միջանկյալ, այլընտրանքային լուծումներ, որոնք երկխոսության հնարավորության դեպքում կարելի էր քննարկել: Պետք է ասել, որ նման լուծումները բազմաթիվ են և ցավալի է, որ ակցիայի մասնակիցները, որոնց ճնշող մեծամասնությունը երիտասարդներ էին, այդ ուղղությամբ չէին մտածել, ու «գաղափարական վակուումն» ի վերջո հանգեցրեց փակուղու:
Ի վերջո, ակցիայի կազմակերպիչների (մասնակիցների) մոտ պահանջի էլաստիկության բացակայությունը նրանց դիրքորոշումն անզիջում էր դարձրել և փակել երկխոսության բոլոր հնարավորությունները:
Այս պայմաններում երթով նախագահի նստավայր գնալն ու, առավել ևս, վերջնագրի լեզվով պահանջ ներկայացնելն անիմաստ էր և փակուղային: Պատճառը շատ պարզ է. նախագահը մեզ մոտ թեև լայն լիազորություններ ունի, սակայն իրավասու չէ վերանայել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումները: Սահմանադրությունը դա չի նախատեսում:
Հետևաբար՝ անհասկանալի է, թե Բաղրամյան 26-ից ինչ որոշում էին ակնկալում բողոքի ակցիայի մասնակիցները: Եթե նրանք իսկապես ակնկալում էին, որ նախագահականից որևէ լուծում պետք է ստանան, հենց իրենք պետք է ձևակերպեին այդ պահանջը՝ հաշվի առնելով նախագահի միջամտության հնարավորություններն ու տիրապետած գործիքակազմը: Սակայն այս առնչությամբ որևէ բան հավաքի ընթացքում այդպես էլ չհնչեց: Միայն վերջնագիր, և վերջ:
Ակցիայի ընթացքում՝ սկսած դեռևս հունիսի 19-ից, զգացվում էր, որ գործողությունների ծրագիր չկար: Որոշումները կայացվում էին հախուռն, պահի տակ՝ ըստ իրավիճակի, և չկար որոշումների համար պատասխանատու անձ:
Անգամ եթե համարենք, որ հունիսի 19-ին նստացույցի գնալու որոշումը ճիշտ էր, լավ կլիներ եթե ակցիայի մասնակիցները հետագա երկու օրերի ընթացքում հստակ գործողությունների ծրագիր մշակեին: Ըստ որում՝ դա պետք է ներառեր բոլոր հարցերի պատասխանները, և դիտարկեր բոլոր իրավիճակները: Այդ թվում նաև՝ հավանական վարքագիծն իրավապահների կողմից ուժի գործադրման դեպքում:
Հետագա զարգացումները ցույց տվեցին, որ կազմակերպիչները մարտավարության առումով որևէ բան չէին մտածել: Նրանք երեկ տեղի ունեցածի համար օպերատիվ լուծումներ չունեին. պատրաստ չէին պատվիրակների խումբ ուղարկել նախագահի հետ հանդիպման (ինչի առաջարկն ունեցան), նախապես չէին նախատեսել լուծում՝ Բաղրամյանում գիշերելու կամ չգիշերելու առնչությամբ (որոշումն իրավիճակային էր և կայացվեց տեղում): Առհասարակ՝ չկար զգացում, թե ինչ է լինելու հետո:
Իշխանության մասով վարքագծի տարբերակները լայն էին՝ սկսած ակցիան ուժով ցրելուց մինչև այն անտեսելը: Բայց հասկանալի է, որ ինչ տարբերակ էլ ընտրեին իրավապահները, դա որևէ շոշափելի արդյունք չէր տալու:
Ի վերջո ոստիկանները միանգամայն կանխատեսելի կերպով որոշեցին դիմել փորձված մեթոդի: Փառք Աստծո, որ հետևանքները ծանր չեն: Բայց կարող էին լինել: Ակցիայի մասնակիցները, հատկապես նրանք, ովքեր փորձառու են այդ հարցում, պետք է գլխի ընկնեին, որ ոստիկաններն ուժ են գործադրելու: Մեզ մոտ դրա հստակ ինդիկատոր կա. եթե իրավապահները զանգվածային միջոցառման ժամանակ հասարակական կարգը պահպանում են հատուկ հանդերձանքով, ապա ուժի գործադրման սանկցիա ունեն: Կազմակերպիչները սա չնկատել ու չիմանալ չէին կարող: Սակայն նրանք դա չնկատեցին կամ չնկատելու տվեցին, հավանաբար՝ որովհետև այլ լուծում չէին գտնում:
Ինչ վերաբերում է իրավապահների մոտիվներին, ապա դրանք հասկանալի են: Որպես կանոն, աշխարհի բոլոր երկրներում նման իրավիճակները հենց այդպիսի հանգուցալուծում էլ ունենում են: Ի վերջո, եթե չկա երկխոսության հնարավորություն, բայց կա սպառնալիք հասարակական կարգին, իրավապահներին այլ բան չի մնում, քան ուժային լուծման գնալը:
Ցավալին այն չէ, որ մի խումբ մարդիկ առավոտ լուսադեմին ջրվեցին կամ տեղափոխվեցին ոստիկանական բաժիններ (հուսով եմ՝ նրանց հենց այսօր բաց կթողնեն): Ցավալի է, որ հատկապես երիտասարդները, հիմնականում՝ անփորձության հետևանքով, հերթական անգամ բախվեցին հիասթափության պատին: Վստահ եմ, որ որևէ արդյունքի բացակայությունն ակցիայի մասնակիցների մոտ առաջ կբերի որոշումների կայացման վրա ազդել չկարողանալու զգացում: Բնականաբար նաև՝ խորը հիասթափության:
Գիշերը ժամը 2-ի մոտակայքում Կասկադի հարևանությամբ՝ Զարոբյան փողոցի մոտակայքում հանդիպեցի 17-18 տարեկան մի օրիորդի՝ ծանր ուսապարկը շալակին: Վերջինս ասաց, որ «ցուցարարներին հաց ու ջուր է» տանում, մոլորվել է ու խնդրեց օգնեմ, որպեսզի օգնեմ «շրջանցի ոստիկանական կարդոնը»: Ես նրան ճանապարհը ցույց տվեցի ու հիացա, թե ինչպես էին նրա աչքերը ոգևորությունից փայլում: Ես շատ եմ ափսոսում, որ նա ու իր ընկերներն հիասթափություն են ապրելու:
Հույս ունեմ, որ ակցիայի մասնակիցներն այսօր կվերլուծեն տեղի ունեցածն ու կգտնեն համապատասխան լուծումներ: Դրանք առաջին հերթին պետք է ենթադրեն երկխոսություն:
Արմեն Մինասյան, քաղաքագետ