Էլինար Վարդանյանը հեռացվել է ԲՀԿ-ից
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում քննարկումներ են եղել, և «Կենտրոն» տարածքային կառույցը միաձայն որոշել է կուսակցությունից հեռացնել Էլինար Վարդանյանին։ Որոշումն ուղարկվել է քաղաքական խորհրդին։ Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահան Բաբայանը:
«Յուրաքանչյուր կուսակցությունում կարող են նաև նման բաներ լինել։ ԲՀԿ-ում որոշ հայտնի անձանց հետ կան տարակարծություններ, բայց այդ տարաձայնությունները հետևանք են ոչ թե սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությանը չմասնակցելու, այլ այն բանի, որ նշված անձինք արդեն երկար ժամանակ է՝ չեն մասնակցում խմբակցության նիստերին, մարզային այցելություններին, չեն պատասխանում խմբակցության քարտուղարի զանգերին։ Նրանք, փաստորեն, տոտալ բոյկոտում են։ Մենք չէինք ուզում բարձրաձայնել այս մասին, սակայն եկավ մի սահման, երբ ջրբաժանը սկսեց ավելի պարզ երևալ»,- հավելեց Բաբայանը: