Ալլեգրի. «Երկրպագուները բարձր մակարդակի խաղ տեսան»
«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալլեգրին «Մանչեսթեր Սիթիի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպումից (1:0) հետո շնորհակալություն է հայտնել իր թիմին լավ ելույթի համար: Թուրինցիները մրցաշարային աղյուսակում շրջանցել են անգլիացիներին և ապահովել ելքը փլեյ-օֆֆ:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմին, որը կարողացավ դուրս գալ բարդ, եթե ոչ ամենաբարդ խմբից,- Ալլեգրիի խոսքերը մեջբերել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:- Երկուստեք սուր պահերով խաղ ծավալվեց «Սիթիի» հետ հանդիպման ընթացքում: Կարող էինք խփել երկրորդ գոլը, իսկ մրցակիցը կարող էր վերականգնել հաշվի հավասարակշռությունը: Կարծում եմ՝ երկրպագուները բարձր մակարդակի խաղ տեսան: Մեր մրցակիցը Եվրոպայի լավագույն թիմերից մեկն է, ուստի շատ ուրախ եմ հաղթանակի համար»: