Բոնդարև. ՍՈՒ-24-ի ոչնչացումը ծրագրված է եղել նախապես
Թուրքական կործանիչները ռուսական Су-24М ռմբակոծիչը խոցելու համար նախապես պատրաստվել են, իսկ հարձակումը գործելու համար դարանակալել: Այս մասին, ըստ «Լենտա.ռու»-ի , հայտնել է ՌԴ ռազմա-տիեզերական ուժերի հրամանատար Վիկտոր Բոնդարովը:
Բոնդարովը նշել է, որ Су-24М ինքնաթիռը նոյեմբերի 24-ին Սիրիայում կործանվել է «մարտական առաջադրանք կատարելու ժամանակ կրակային ներազդեցության հետևանքով»: Ինքնաթիռը գործել է Սիրիայի հյուսիսում՝ 5650-5800մ էշելոններում և խոցվել է Մոսկվայի ժամանակով ժամը 10:24, Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի սահմանից 5.5կմ հեռավորության վրա:
Պաշտոնյայի խոսքով՝ Մոսկվայի ժամանակով 9:42 «Հմեյմիմ» կայանից օդ բարձրանալուց 10 րոպե հետո Су-24М-ը հայտնվել է Թուրքիայի ՌՕՈՒ ռադիոտեղորոշման միջոցների տեսադաշտում և այնտեղ մնացել 34 րոպե:
Թուրքական F-16 տիպի երկու կործանիչներ 9:11-ից մինչև 10:26 տարածքում հերթապահություն են իրականացրել 2400մ բարձրության վրա, ինչն ըստ ռուս պաշտոնյայի՝ «վկայում է նախապես պլանավորված գործողության և Թուրքիայի տարածքից դարանակալված գործելու մասին»:
Նրա խոսքով՝ Դիարբեքիրում տեղակայված ռազմաբազայից հերթապահ ինքնաթիռների մոտենալու համար պահանջվում է 46 րոպե, որից 15-ն անհրաժեշտ են թռիչքի նախապատրաստական աշխատանքների համար:
«Այդպիսով գետնի վրա հերթապահ դիրքից Су-24М-ի որսումը Դիարբեքիրի օդակայանից անհնար էր, քանզի հարձակման նպատակով մոտենալու ժամանակը նվազագույն անհրաժեշտին գերազանցում է 12 րոպեով»,- նշել է Բոնդարովը: