Արցախի վարչապետը՝ Սարսանգի ջրամբարի ջրային պաշարների օգտագործման հնարավորությունների մասին
Անցնող տարին, իր դժվարություններով հանդերձ տնտեսական ձեռքբերումների տարի է: Այսպես է գնահատել է Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն անցնող տարին, հայտնում են Արցախի կառավարությանաշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Վարչապետի խոսքով՝ չնայած, գալիք տարվա պետբյուջեն թվային ցուցանիշներով քիչ կտարբերվի 2015 թվականից, այնուհանդերձ, մի շարք ոլորտներում զգալի փոփոխություններ են նախատեսվում՝ սոցիալական և տնտեսական մեկնարկային նոր նախագծերով արտահայտված:
Գործադիրի ղեկավարը մանրամասնել է. «2016թ. Կմեկնարկի 5 և ավելի երեխա ունեցող ընտանիքների համար բնակարանաշինության ծրագիրը: Կառավարությունը կփոխհատուցի սպայական անձնակազմի ուսանող երեխաների ուսման վարձերը՝ դրանով փոքր-ինչ թեթևացնելով սպաների ընտանիքների սոցիալական բեռը: Նոր ծրագրեր ենք նախատեսում առողջապահության և գյուղատնտեսության բնագավառներում, խոշոր ներդրումներ կկատարվեն հիդրոէներգետիկայի ոլորտում»:
Անդրադառնալով Արցախի անվտանգության ներկա մակարդակին՝ վարչապետը նշել է. «Հայոց բանակը միշտ պատրաստ է եղել պատերազմի, և առաջիկայում էլ ավելի ենք հզորացնելու մեր զինված ուժերի պատրաստականությունն ու սահմանների ամրությունը: Իսկ կառավարությունն իր ամենօրյա ուշադրության ներքո է պահում պարենային, էներգետիկ անվտանգության և քաղաքացիական պաշտպանության մակարդակի բարձրացման աշխատանքները: Ինչ վերաբերում է քաղաքացիական պաշտպանությանը, ապա չկա վերջին տարիներին կառուցված մի շենք, որը չի համապատասխանում քաղպաշտպանության նորմերին»:
Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև Սարսանգի ջրամբարի ջրային պաշարների գյուղատնտեսական նպատակներով օգտագործման հնարավորություններին՝ պարզաբանելով, որ այսօր էլ էներգետիկ նպատակներով օգտագործվում է ջրամբարը, սակայն ոռոգման համար անհրաժեշտ է կա՛մ փոխշահավետորեն համագործակցել Ադրբեջանի հետ, կա՛մ ոռոգման այլընտրանքային համակարգ կառուցել:
«Քանի որ պաշտոնական Բաքուն հրաժարվում է համագործակցությունից, այդ պատճառով մենք նախատեսում ենք միջոցներ ուղղել մեր սեփական և անկախ համակարգի ձևավորման գործին»,- ընդգծել է վարչապետը:
Ի պատասխան Արցախի Հանրապետությունում սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնելու հնարավորության վերաբերյալ հարցին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ նախաձեռնությանը կողմ քաղաքական ուժերն առաջիկայում դիմելու են հանրապետության նախագահին՝ պաշտոնական քննարկումների մեկնարկը տալու համար: