Գեորգի Գալուստյան. «Ազատ ծրագրում կանենք ամեն ինչ՝ ավելի բարձր տեղ զբաղեցնելու համար»
Պատանեկան Օլիմպիական խաղերի Հայաստանի ներկայացուցիչ գեղասահորդ Անաստասիա Գալուստյանի գլխավոր մարզիչ Գեորգի Գալուստյանի կարծիքով` կարճ ծրագրում իր սանը լավագույն ելույթներից մեկն է ցուցադրել:
«Այս մրցաշրջանում պատանեկան Օլիմպիական խաղերի կարճ ծրագրում Անաստասիայի ելույթը լավագույններից մեկն էր: Մենք արժանի գնահատական չստացանք: Իմ կարծիքով` մրցավարների աջակցությունը չունենք: Այդ իսկ պատճառով ավելի բարձր հորիզոնականների համար չենք կարողանա պայքարել: Մինչև չունենանք մրցավարների աջակցությունը, կմնանք միջին հորիզոնականներում: Ազատ ծրագրում կանենք ամեն ինչ՝ ավելի բարձր հորիզոնական զբաղեցնելու համար»,- ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի թղթակցին ասել է գեղասահորդի հայրը, ով նաև Անաստասիայի անձնական մարզիչն է:
Պատանեկան Օլիմպիական խաղերում գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը գեղասահքի կարճ ծրագրից հետո 7-րդ տեղում է: Գեղասահքի կարճ ծրագրում հանդես էր գալիս 16 գեղասահորդ: Գալուստյանը հանդես եկավ 10-րդ համարի ներքո և, հավաքելով 55,89 միավոր, զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: