Կառավարությունն ըստ էության դրական եզրակացություն տվեց Արցախը ճանաչելու նախագծին. Զարուհի Փոստանջյան
«Կարող եմ ասել, որ Կառավարությունն ըստ էության դրական եզրակացություն տվեց Արցախը ճանաչելու նախագծին»,- այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Արցախի Հանրապետության ճանաչմամբ մենք աշխարհում դառնում ենք քաղաքական գործոն, իսկ քաղաքական գործոնի հետ արդեն և՛ բանակցում են, և՛ քաղաքական գործոնն ուժային դիրքերից է հանդես գալիս, մինչդեռ այս պարագայում մենք բավական թույլ իրավիճակում ենք»,- նշեց նա:
Անդրադառնալով հարցի վերաբերյալ խորհրդարանի վերաբերմունքին, Զարուհի Փոստանջյանն ասաց, որ ժամանակի ընթացքում խոորհրդարանը ցույց կտա իր վերաբերմունքը:
Պատգամավորը կարծում է, որ Արցախի Հանրապետության ճանաչումը միանշանակ կանխարգելելու է նոր խնդիրները:
«Տեսեք, տեղի ունեցավ ագրեսիա, ագրեսիան համապատասխան ձևով չդատապարտվեց, և մենք պարտավոր ենք ճանաչեել Արցախի Հանրապետությունը, այլընտրանք չունենք»,- նշեց Զարուհի Փոստանջյանը:
Հարցին, թե Արցախի Հանրապետության ճանաչմամբ նոր ագրեսիա չի հրահրվի, ԱԺ պատգամավորը պատասխանեց. «Ագրեսիան դրանով պայմանավորված չէ, մենք տեսանք, որ ապրիլյան իրադարձությունները մեզ ապացույց են՝ ագրեսիան այդ պետության կողմից բացարձակ օրակարգից դուրս չէ, այլ հակառակը, նրա օրակարգի բաղկացուցիչ մասն է: Բացի այն, որ նրանք ագրեսիա բանեցնող են, նրանք մարդկության դեմ կատարեցին հանցագործություններ: Ինչպես 100 տարի առաջ, ինչպես 25 տարի առաջ այդ հանցագործությունը չի դատապարտվել, դրա հետևանքն էր նաև այս ապրիլյան պատերազմական գործողությունները: Մենք հույսներս պետք է դնենք մեզ վրա»:
Հարակից հրապարակումներ`
- Հաստատվեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը
- Կառավարությանը ներկայացվել է Արցախի անկախությունը ճանաչելու մասին նախագիծ