Քոչարյանի տան վրա նռնակ նետած քաղաքացին չի կալանավորվի
Այսօր Վերաքննիչ դատարանը մերժել է գործով վերահսկողություն իրականացնող դատախազի բողոքը, և Ռոբերտ Քոչարյանի տան վրա ուսումնական նռնակ նետած քաղաքացին՝ 32-ամյա Հ. Մուրադյանը, չի կալանավորվի: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Մուրադյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը:
Նախաքննություն իրականացնող Քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հ. Մուրադյանը ապրիլի 15-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, իր հոր անվամբ հաշվառված ավտոմեքենայով մոտեցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքին և ուսումնական նռնակ նետել առանձնատան պահակակետի ուղղությամբ՝ խաթարելով ծառայություն իրականացնող պետական պահպանության աշխատակիցների աշխատանքը։
Բացի այդ, ըստ աղբյուրի, Հ. Մ.-ի բնակարանում, օրենքով սահմանված կարգով, ապրիլի 18-ին կատարված խուզարկությամբ նրա անձնական իրերի մեջ հայտնաբերվել և առգրավվել է զգալի չափերի «տետրահիդրոկաննաբինոլ» տեսակի թմրամիջոց:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ապրիլի 20-ին Հ. Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:
Սակայն միջնորդությունը մերժվել էր, և Մուրադյանը չէր կալանավորվել: Հսկողություն իրականացնող դատախազը, սակայն, չէր համակերպվել այդ մտքի հետ ու բողոք էր ներկայացրել Վերաքննիչ դատարան:
Նշենք նաև, որ քննիչը Մուրադյանի նկատմամբ նշանակել էր նաև ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցի ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների բաժնի փորձագետներին:
Մարինե Ֆարմանյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ այս օրերին Մուրադյանը ստացիոնար բուժում է ստանում հոգեբուժարանում և դատահոգեբուժական փորձաքննության արդյունքներով, կորոշվի Մուրադյանի մեղսունակության հարցը:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակում նռնակ նետած քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
- Ռոբերտ Քոչարյանի տան վրա նռնակ նետողը ձերբակալվել է. ՔԿ
- Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ նռնակ նետողը բերման է ենթարկվել. Ահարոնյան