Ռաֆայել Վահանյանը «Բացառիկ ծառայությունների համար» պարգևատրվել է ոսկե մեդալով:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրում ունենալու Հայաստանի առաջին գրոսմայստեր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ 65-ամյա Ռաֆայել Վահանյանին պարգևատրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Բացառիկ ծառայությունների համար» ոսկե մեդալով:
«Դուք շարունակում եք մնալ սպորտում, շարունակում եք Ձեր փորձն ու գիտելիքները փոխանցել երիտասարդ մարզիկներին: Եվ, ով գիտի, հնարավոր է, որ տարիներ հետո Ձեր սաներից մեկը կրկնի Ռաֆայել Վահանյան- բացառիկ մարզիկի ձեռքբերումները»,- Ռոստոմյանի խոսքերն է մեջբերում Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Անվանի շախմատիստ Ռաֆայել Վահանյանը շնորհակալություն է հայտնել իր մարզական վաստակը և աշխատանքային գործունեությունը բարձր գնահատելու և իրեն նախարարության ոսկե մեդալով պարգևատրելու համար: